Մշակույթ

Սոչիի օլիմպիական խաղերի ժամանակ կհնչի հայկական դուդուկը

2 րոպեի ընթերցում

Սոչիի օլիմպիական խաղերի ժամանակ կհնչի հայկական դուդուկը

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոչիի ձմեռային 22-րդ օլիմպիական խաղերի շրջանակում անցկացվող Միջազգային 7-րդ երաժշտական փառատոնում այդ փառատոնների շրջանակում առաջին անգամ կհնչի հայկական ծիրանափողը` դուդուկը: Հայկական ազգային երաժշտական գործիքը կնվագի անվանի դուդուկահար Գևորգ Դաբաղյանը: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Դաբաղյանը պատմեց, որ ինքն առաջարկն ստացել է համաշխարհային հռչակով ռուս ալտահար և դիրիժորՅուրի Բաշմետից:

«Բաշմետի հետ իմ ծանոթությունն արդեն հինգ-վեց տարի է ձգվում: Մենք առաջին անգամ ելույթ ենք ունեցել Իտալիայի կղզիներից մեկում, երկրորդ անգամ` Մոսկվայի կոնսերվատորիայում, երբ նվագել ենք Վաչե Շարաֆյանի և Կոմիտասի ստեղծագործություններից»,- նշեց դուդուկահարը:

Երկու երաժիշտները մշտապես կապի մեջ են եղել: Բաշմետի` Օլիմպիական խաղերի ընթացքում համատեղ ելույթ ունենալու առաջարկը հաճելիորեն զարմացրել է Դաբաղյանին:«Ինձ համար անսպասելի էր հրավերը, բայց շատ ուրախ եմ»,- ընդգծեց երաժիշտը:

Նրանք կատարելու են Վաչե Շարաֆյանի և Կոմիտասի ստեղծագործությունների հիման վրա գրված 15 րոպե տևողությամբ կոմպոզիցիա:

Դուդուկահարի կարծիքով, նման մեծամասշտաբ միջոցառմանը մասնակցելը մեր մարզիկներին ոգևորելու, ինչպես նաև աշխարհի տարբեր անկյուններից ժամանած մարդկանց հայկական երաժշտական գործիքը ներկայացնելուլավ առիթ է:«Ամեն անգամ զգում եմ, որ մեր երկրի հանդեպ վերաբերմունքը, ուշադրությունը, հարգանքը մեծանում է նաև դուդուկի միջոցով»,- հավելեց Դաբաղյանը:

Ձմեռային 22-րդ օլիմպիական խաղերն անցկացվում են Սոչիում, փետրվարի 7-23-ը: Մարտի 7-16-ը Սոչին կհյուրընկալի ձմեռային Պարալիմպիկ խաղերի մարզիկներին: Սոչիի 2014 թվականի խաղերի ընթացքում կխաղարկվի մեդալների 98հավաքածու, իսկ Պարալիմպիկ խաղերում` 72: Այս ձմեռային խաղերին մասնակցում է ավելի քան 2800 մարզիկ 88 երկրից: Սոչին գերազանցում է 2010 թվականի Վանկուվերի խաղերին` մասնակից երկրների թվով: Կանադայի Վանկուվեր քաղաքում կայացած Օլիմպիական խաղերին մասնակցել է 82 երկրի մարզիկ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում