ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը եւ Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Կոզակը Սոչիի Առափնյա օլիմպիական ավանում բացել են Օլիմպիական զինադադարի պատը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս» գործակալությանը:
«Ես դիմում եմ պատվիրակությունների բոլոր մասնակիցներին. բարի գալուստ այս արարողությանը, եւ դուք կտեսնեք, թե ինչպես Է սպորտը քանդում բոլոր պատերը: Տարբեր ազգությունների եւ կրոնների մարդիկ այստեղ միասին ապրում են համերաշխ, եւ դա Օլիմպիական խաղերի վաստակն Է: Նրանք մեզ ցույց են տալիս, որ ամբողջ աշխարհը կարող Է հաշտ ապրել եւ բարեկամներ մնալ՝ չնայած բոլոր տարաձայնություններին»,- ասել Է Բախը:
Կոզակը հիշեցրել Է, որ օլիմպիական զինադադարի հայտարարումը կարեւորագույն ավանդույթներից մեկն Է:
Պատի վրա առաջինը խաղաղության իրենց մաղթանքներն են գրել Թոմաս Բախը, ՄՕԿ-ի նախկին նախագահ Ժակ Ռոգեն, Դմիտրի Կոզակը, Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Ժուկովը, «Սոչի-2014» կազմկոմիտեի նախագահ Դմիտրի Չեռնիշենկոն, Սոչիի քաղաքագլուխ Անատոլի Պախոմովը, Առափնյա օլիմպիական ավանի քաղաքագլուխ Ելենա Իսինբաեւան եւ ուրիշներ: