ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանցի միայն մեկ մարզիկ՝ ծաղկաձորցի լեռնադահուկորդ Մհեր Ավանեսյանը կմասնակցի մարտի 7-16-ը Սոչիում կայանալիք ձմեռային պարաօլիմպիկ խաղերին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ազգային պարաօլիմպիկ կոմիտեի եւ «Փյունիկ» հաշմանդամ մարզիկների հանրապետական միության նախագահ Հակոբ Աբրահամյանը:
Նա նշեց, որ միջազգային պարաօլիմպիկ կոմիտեն թույլ չի տվել մեր մյուս թեկնածուին` ծաղկաձորցի լեռնադահուկորդուհի Գրետա Վարդանյանին մասնակցել խաղերին` այս որոշումը հիմնավորելով նրանով, որ Վարդանյանը երկար ժամանակ որեւէ միջազգային մրցաշարի չի մասնակցել:
Գրետա Վարդանյանի` պարաօլիմպիկ խաղերին մասնակցելու վերջին հնարավորությունը հունվարին Ավստրիայում կայացած պարաօլիմպիկ մարզիկների միջազգային մրցաշարն Էր, բայց նա չի մասնակցել դրան:
Սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող մարզիկների օլիմպիական մրցաշարը կհաջորդի Սոչիում փետրվարի 7-23-ը կայանալիք օլիմպիադային: