Արմեն Հովհաննիսյանին հուղարկավորեցին զինվորական պատվով

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հակառակորդի դիվերսանտների դեմ հերոսաբար մարտնչած և զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի աճյունը հունվարի 22-ին պատվո պահակախմբի, հազարավոր մարդկանց ու զինվորական նվագախմբի հնչյունների ուղեկցությամբ իր վերջին հանգրվանը գտավ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: Նրա մարմինը հողին հանձվեց պատվո համազարկերի ներքո:

Հերոս կրտսեր սերժանտի հուղարկավորությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմը, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, քաղաքական, պետական գործիչներ և այլք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վերջին հրաժեշտի խոսքում նշեց, որ Արմենի կորուստն անդառնալի է ու չափազանց դառը բոլորի համար: «Արմենի կատարածը սխրագործություն է, որն ուղղված էր մեր ժողովրդի անվտանգության ապահովմանը»,- ասաց Օհանյանը՝ հավելելով, որ հակառակորդը կառուցողական մոտեցում ցուցաբերելու փոխարեն հերթական անգամ դիմեց սադրանքի: Նախարարը բարձր գնահատեց Արմեն Հովհաննիսյանի և նրա ստորաբաժանման մարտական գործողությունները: Նախարարի խոսքով, Արմենը լրացրեց այն քաջորդիների շարքը, ովքեր տարել են իրենց ստորաբաժանումները դեպի հաղթանակ, սակայն իրենք զոհվել են:

Պաշտպանության նախարարը նշեց, որ Արմենի և նրա ստորաբաժանման շնորհիվ հակառակորդը հետ շպրտվեց՝ տալով մի քանի զոհ և գրեթե 25 վիրավոր: Նախարարը վստահեցրեց, որ հակառակորդը հետայսու ևս պատժվելու է:

Օհանյանը «մնաս բարով» ասաց Արմենին: «Այսօր Արմենը գնում է հավերժական կյանքի: Շատ կարճ երկրային կյանքում ինքն ապահովեց հավերժական երկնային կյանք»,- նշեց Օհանյանը:

Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծիերկու ուղղությությամբադրբեջանական կողմը դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձ է կատարել: ԼՂՀ զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները, հավաստանշելով ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողությունները, երկու ուղղություններով էլ անցել են կազմակերպված պաշտպանության և, հակառակորդին պատճառելով զգալի մարդկային և նյութական կորուստ, հետ շպրտել ելման դիրքերը:

Բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից` հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում իր առջև դրված մարտական խնդիրը արիաբար կատարելու ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Լևոնի Հովհաննիսյանը: Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: Արցախի նախագահ Բակո Սահակյանը ստորագրել էր հրամանագիր, համաձայն որի՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով։

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունվարի 21-ին հայտնել է, որ դիրքում կանգնած, ինը հոգուց բաղկացած սովորական ստորաբաժանումը հետ է մղել Ադրբեջանի հատուկ նշանակության ստորաբաժանման երկու խմբերի` շուրջ 30 հոգու:

Սոցցանցերը հեղեղված են հայ ազգի քաջարի զավակի սխրանքի փառաբանմանը նվիրված գրառումներով:

Հայերեն English

ՀՀ ԿԲ-ն քաղաքականության տոկոսադրույքը բարձրացրել է 0.25 տոկոսային կետով

Գաթայի փառատոն. իրականացվող ծրագրերն ու առաջիկա անելիքները

Լոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ

ՀՎԿԱԿ-ը պարզաբանել է, թե որ կառույցներն են վերահսկում Հայաստանում խմելու ջրի որակը

Պակիստանի ԱԳ նախարարը և ԱԷՄԳ գլխավոր տնօրենը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 1396-ի

«Այրիների ծովախորշը» սերիալը դարձել է «Էմմի»-ի ամենաշատ մրցանակներ նվաճած նախագիծը

«ԱԲ սերունդ» ծրագիրն արդեն դասավանդվում է ՀՀ ավելի քան 4 տասնյակ ավագ դպրոցներում. աշակերտների թվում կան միջազգային օլիպիադայի մրցանակակիրներ

Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը

Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող ընդհանուր 1.75 հա մակերեսով 2 հողատարածք