Հասարակական

Հալեպում հայ երիտասարդներ են վիրավորվել

2 րոպեի ընթերցում

Հալեպում հայ երիտասարդներ են վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում երկու օր առաջ Վիլլաներ կոչվող թաղամասում ռումբի պայթյունի հետևանքով մի քանի հայ երիտասարդներ են վիրավորվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հալեպի մեր աղբյուրը՝ ավելացնելով, որ ռումբն ընկել է «Արամ Մանուկյան» ազգային ակումբի մերձակայքում:

Աղբյուրի տեղեկացմամբ` վիրավորված հայերին անհրաժեշտ բժշկական օգնություն է ցուցաբերվել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Տեղեկություններ են ստացվել նաև այն մասին, որ նախորդ շաբաթվա ընթացքում երկու հայեր, Հայաստան մեկնելու ճանապարհին ընդդիմադիրների հսկողության տակ գտնվող տարածքներով անցնելիս, առևանգվել են, սակայն ընդդիմադիրները փրկագին ստանալուց հետո ազատ են արձակել նրանց:

Ինչ վերաբերում է քաղաքում տիրող ընդհանուր իրավիճակին, աղբյուրը նշեց, որ մեծ վտանգ են ներկայացնում հանկարծակի ընկնող հրասանդները: Քաղաքում նման «անակնկալները» միշտ սպանելի են, և բնակիչները պատրաստ են դրանց: Հալեպում շարունակում է մտահոգիչ մնալէլեկտրականության և ջրի հարցը: Վերջին մի քանի օրերին էլեկտրականություն լինում է օրվա ընթացքում 45 րոպե: Մյուս կողմից, բարեբախտաբար, հացի տագնապ քաղաքում չի նկատվում: Բացի այդ, կառավարությունը մատչելի գներով ընտանիքներին ջեռուցման համար 250 լիտր վառելիք է տրամադրել: Շատերին դժվար է վճարել 1600 սիրիական լիրան, քանի որ այսօրվա դրությամբ, այդ գումարը կազմում է շատ բնակիչների 1.5 ամսվա աշխատավարձը:

Չնայած Հալեպում ստեղծված դժվարին իրավիճակին, հայկական դպրոցները շարունակում են գործել, հայկական համայնքը փորձում է իր առօրյայով ապրել:

Սիրիայում 2011թ.-ի մարտից շարունակվող բախումների ընթացքում զոհվել է շուրջ 120 հազար մարդ, այդ թվում՝ տասնյակ հայեր: Միլիոնավոր բնակիչներ ստիպված լքել են իրենց բնակավայրերը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում