Եվրոպական գործարար կոնգրեսի աշխատանքային կոմիտեն քնարկեց գազի արդյունաբերության բնապահպանական կառավարման հարցեր
7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծաղկաձորում հոկտեմբերի 4-ին տեղի է ունեցել Եվրոպական գործարար կոնգրեսի «Բնապահպանություն և առողջապահություն» աշխատանքային կոմիտեի նիստը՝ «Գազի արդյունաբերության օբյեկտներում բնապահպանական կառավարման համակարգի կիրառման արդյունավետության բարձրացում. մշակման և ներդրման փորձը» թեմայով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «ՀայՌուսգազարդ» ընկերությունից, այն ԵԳԿ-ի աշխատանքային կոմիտեների արդեն երկրորդ նիստն է, որն անցկացվում է այս տարի Հայաստանում: ԵԳԿ-ի Կոմիտեի նիստին մասնակցել և զեկույցներով հանդես են եկել «Գազպրոմ» ԲԲԸ, «Գազպրոմ դոբիչա Օրենբուրգ» ՍՊԸ, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ, «Օվերգազ Ինկ.» «Ֆրեկոմ», «Վեմեքս», «Այ Թի», Saturn Data International ընկերությունների, ԵԳԿ-ի քարտուղարության, ինչպես նաև Վ.Ի.Վերնադսկու անվան ոչ կառավարական բնապահպանական հիմնադրամի ներկայացուցիչները:
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ-գլխավոր ճարտարագետ Հրանտ Թադևոսյանը, ներկայացնելով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի «Շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցում. ընկերության իրական քայլերը և սկզբունքային մոտեցումը» զեկույցը նշել է. «ՀայՌուսգազարդ»-ը Հայաստանի տնտեսության խոշորագույն ներդրողներից է և իրականացրել է խոշոր ներդրումային ծրագրեր, որոնց թվում են հանրապետության լայնածավալ գազաֆիկացումը, Իրան-Հայաստան գազատարի կառուցումը և Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի վերակառուցումը և արդիականացումը: Այսօր Հայաստանի գազաֆիկացման մակարդակը շուրջ 95 տոկոս է. բնական գազ են օգտագործում 591 բնակավայրեր: Նշեմ, որ գազասպառման մեջ զգալի մասնաբաժին ունեն ԱԳԼՃԿ-ները (գազալցակայաններ), ինչը պայմանավորված է բնական գազով աշխատող ավտոմեքենաների թվաքանակի աճով: Պետք է նշեմ, որ դա չափազանց կարևոր բնապահպանական նշանակություն ունի: Փորձագետների գնահատականով, որպես շարժիչային վառելիք բնական գազի օգտագործումը թույլ է տալիս էականորեն կրճատել վնասակար նյութերի արտանետումները, ինչը շատ կարևոր է մեծ քաղաքների ու խոշոր բնակավայրերի համար: Ընդգծեմ նաև, որ Հայաստանի լայնածավալ գազաֆիկացումը նույնպես դրական բնապահպանական արդյունք տվեց, քանի որ դրա շնորհիվ կանխվեցին ծառահատումները»:
Խոսելով «Հրազդան-5»-ի մասին՝ նա ընդգծել է, որ էներգաբլոկի արտադրական պրոցեսում խստագույնս ապահովված են էկոլոգիական նորմատիվային պահանջները, մասնավորապես, կայանի ծխատար խողովակը նախատեսված է արտանետվող գազերի համար, ինչի արդյունքում բնապահպանական ծանրաբեռնվածությունը զգալիորեն նվազում է ինչպես ջերմակայանի արտադրական տարածքում, այնպես էլ ամբողջ շրջակա միջավայրում: Թադևոսյանը տեղեկացրել է, որ Հայաստանը վավերացրել է Կիոտոյի արձանագրությունը 2003 թվականին, և Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիան 1993 թվականին: «Կիոտոյի արձանագրության համաձայն` թույլատրված է Մաքուր զարգացման մեխանիզմի նախագծերի իրականացումը, որոնք ուղղված են ջերմոցային գազերի (այդ թվում` մեթանի) արտանետումների կրճատմանը: Հաշվի առնելով այն, որ «ՀայՌուսգազարդ»-ը շահագործում է նաև այնպիսի օբյեկտներ, որոնք հանդիսանում են ջերմոցային գազերի հնարավոր արտանետումների աղբյուր, ինչպես նաև իրականացնում է իր համապատասխան սարքավորումների արդիականացման և վերակառուցման ծրագիրը արտանետումների կրճատման նպատակով` ներկայում ընկերությունը մասնակցում է Մաքուր զարգացման մեխանիզմի երկու նախագծերի իրագործմանը», - նշել է նա:
Հրաչյա Թադևոսյանը նկատել է, որ էներգաարդյունավետ տեխնոլոգիաների ներդրման և էներգախնայող միջոցառումների իրականացման միջոցով «ՀայՌուսգազարդ»-ը նվազեցնում է շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունը, իսկ շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված միջոցառումներն ընկերությունն իրականացնում է կանոնավոր և նպատակաուղղված կերպով:
Նիստին զեկույցով հանդես է եկել նաև «Գազպրոմի»-ի ներկայացուցիչ Օլեգ Սավչենկոն և նշել, որ ընկերության բնապահպանական քաղաքականության շրջանակում ստանձնած պարտավորություններից մեկն ընկերության գործունեության վերաբերյալ բնապահպանական տեղեկատվության լայն մատչելիության, բնապահպանական գործունեության և այդ ոլորտում ընդունվող որոշումների թափանցիկության ապահովումն է: «Ցանկանում եմ մեջբերել «Գազպրոմ» ընկերության նախագահ Ալեքսեյ Միլլերի հետևյալ թեզը. «Գազպրոմ»-ը ձգտում է նվազագույնի հասցնել շրջակա միջավայրի վրա տեխնածին ազդեցությունը: Ընդ որում, կարևոր է ոչ միայն ապահովել ածխաջրածնային հումքի արդյունահանման, վերամշակման, փոխադրման և պահեստավորման օբյեկտների կառուցման և շահագործման էկոլոգիական անվտանգությունը, այլ նաև կարևոր է ժամանակի պահանջներին համահունչ համապատասխան տեղեկատվական քաղաքականության իրականացումը», – հայտարարել է Սավչենկոն: Նիստի ավարտին տեղի է ունեցել կարծիքների փոխանակում, արծարծված հարցերի ակտիվ քննարկում:
Եվրոպական գործարար կոնգրեսը միջազգային ոչ կառավարական ոչ առեւտրային կազմակերպություն է, որը ստեղծվել է 1997թ. դեկտեմբերին, Բոնն քաղաքում (Գերմանիա): ԵԳԿ կենտրոնական գրասենյակը տեղակայված է Բեռլինում: ԵԳԿ-ի կազմում ընդգրկված է 132 անդամ ԵԱՀԿ 25 երկրից: ԵԳԿ-ի նախագահն է «Գազպրոմ» ԲԲԸ Վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը: ԵԳԿ-ի նպատակներից են՝ աջակցել ԵԱՀԿ անդամ-երկրների տնտեսական համագործակցության զարգացմանը, աջակցել ԵԱՀԿ տարածաշրջանի տնտեսական զարգացմանը, ապահովել պայմաններ մասնավոր բիզնեսի եւ քաղաքական շրջանակների միջեւ մշտական երկխոսության համար: