ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգների Մերիլենդ նահանգի նահանգապետ Մարթին Օ՛Մայլեն Հայաստանի Հանրապետության անկախության 22-ամյակի կապակցությամբ շնորհավորական հռչակագրում անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Մերիլենդի նահանգապետի լրատվական ծառայությունը, Օ՛ Մայլեն իր ջերմ բարեմաղթանքներն է հղել Հայաստանին և հայ ժողովրդին: Նույն հռչակագրում նա միաժամանակ նաեւբարձր է գնահատել Լեռնային Ղարաբաղի երիտասարդ ժողովրդավարությունը և այն երկարատև և ամուր կապերը, որ ի թիվս հայ ժողովրդի, ունի Միացյալ Նահանգների հետ: Փաստաթղթում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և Միացյալ Նահանգների հետ կիսում է նույն արժեքներն ու ազատությունը՝ ժողովրդավարության, ինքնորոշման և մարդու իրավունքների հիմնարար սկզբունքները: Այդ համատեքստում նահանգապետը նշել է նաև, որ Մերիլենդը խրախուսում է այդ արժեքները և իր օժանդակությունն է հայտնում այն ժողովուրդներին, որոնք ազատությունն ու ժողովրդավարությունն են ընդունում որպես զարգացման ուղի:
Նահանգներում շարունակվում է Լեռնային Ղարաբաղի անկախության եւ ժողովրդավարության ճանաչմանն ուղղված հաղթարշավը:ԼՂՀ անկախությունը ճանաչած չորս նահանգներին միանալու հայտ էր ներկայացրել ԱՄՆ Մերիլենդ նահանգը, որը, հետեւելով Մասաչուսեթսի եւ ամերիկյան այլ նահանգների օրինակին, Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման եւ ժողովրդավարության աջակցության վերաբերյալ բանաձեւն ամիսներ առաջ մտցրել է նահանգի օրենսդիր մարմնի օրակարգ: