Իրանը պատրաստ է բնական գազը փոխանակել «Նաիրիտ»-ի կաուչուկի հետ. ՀԱԱՄ-ի նախագահ
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է իր բնական գազը փոխանակել «Նաիրիտ» քիմիական գործարանի արտադրած կաուչուկի հետ: Այս մասին սեպտեմբերի 12-ին հրավիրած ասուլիսին նշեց Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: «Ես Իրանի դեսպանի հետ զրուցել եմ, նրանք պատրաստ են իրանական գազի դիմաց «Նաիրիտ»-ից կաուչուկ ստանալ: Եթե Երեւանի ՋԷԿ-ն աշխատում է ապրանքային փոխանակմամբ` իրանական գազով, ինչու չի կարող նույն «Նաիրիտ»-ն իրանական գազով աշխատել եւ 15-20 հազար տոննա կաուչուկ ստանալ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Սաֆարյանը՝ հավելելով, որ կաուչուկի 1 տոննայի գինը միջազգային շուկայում 6000 դոլար է: Միաշամանակ, Սաֆարյանն անթույլատրելի համարեց այդպիսի արժեքավոր արտադրանք թողարկող ձեռնարկության անգործությունը:
Նախկինում Սաֆարյանն«Արմենպրես»-ի հետ զրույցում նշել էր, որՀայաստանը պետք է պայմանավորվածություն ձեռք բերի Իրանի հետ այդ երկրից որպես «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի համար հումք դիվինիլի (բութադիեն) ներմուծման, փոխարենը՝ քլորոպրենային կաուչուկի մատակարարման վերաբերյալ:
Հիշեցնելով, որ ապրանքափոխանակության նման սխեմայով Իրանից Հայաստան գազ է ներմուծվում և էլեկտրաէներգիա արտահանվում` նա նշել էր, որ եթե «Նաիրիտ»-ը ացետիլենի հիմքի վրա նախկինում կարողանում էր տարեկան 15-20 հազար տոննա քլորոպրենային կաուչուկ արտադրել, ապա դիվինիլի հիմքի վրա կկարողանա արտադրել արդեն 30-35 հազար տոննա: Սաֆարյանի խոսքով` դրանից 10 հազար տոննան ապրանքափոխանակման տարբերակով կարող է տրամադրվել Իրանին, իսկ մնացածն արտահանվել այլ երկրներ: Բացի այդ, կաուչուկի արտահանումն Իրան կարող է դառնալ կառուցվելիք Իրան-Հայաստան երկաթուղու շահավետությունն ապահովող բաղադրիչներից մեկը, իսկ դիվինիլը «Նաիրիտ գործարան» կարող է հասնել խողովակաշարով:
Մյուս կողմից, Սաֆարյանի կարծիքով, դիվինիլի տեխնոլոգիայով քլորոպրենային կաուչուկի արտադրության նշված սխեմայի գործարկման դեպքում, երկաթուղու շինարարությունը կարող է ֆինանսավորել նաև Չինաստանը, քանի որ «Նաիրիտ»-ը երկաթուղով մինչև 10 հազար տոննա կաուչուկ կարող է արտահանել նաև Չինաստան, որն ունի այդ արտադրատեսակի մեծ պահանջարկ:
«Նաիրիտ»-ը հիմնվել է 1940 թվականին: Անցյալ դարի 80-ականներին գործարանն զբաղեցնում էր քլորոպրենային կաուչուկի համաշխարհային շուկայի 10-12 տոկոսը: 2008-ի դեկտեմբերի 1-ին գործարանի աշխատանքը դադարեցվեց` ֆինանսական ճգնաժամի պատճառով: Մոտ 1500 աշխատողներ ազատվեցին աշխատանքից:
Rhinoville Property Limited միջազգային ընկերությունը 2006 թվականին գնել է «Նաիրիտ գործարան»-ի բաժնետոմսերի 90 տոկոսը «ՀայՌուսգազարդ»-ից: Բաժնետոմսերի մնացած 10 տոկոսը պատկանում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը:
Այս տարի գործարանի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել ռուսաստանյան «Իտեռա» ընկերությունների խումբը և «Ռոսնեֆտ» ընկերությունը: Սակայն բանակցությունները հետաձգվել են մինչև հոկտեմբեր:
Ներկայում, տարբեր գնահատականներով, «Նաիրիտ գործարան»-ի ընդհանուր պարտքը 120-130 միլիոն դոլար է, որից 20-25 միլիոնը՝ հայկական բանկերի նկատմամբ: Գործարանի գազաքիմիական համալիրի վերակառուցման համար Հայաստանը ԵվրԱզԷՍ-ի հակաճգնաժամային հիմնադրամից 400 միլիոն դոլարի վարկ ստանալու մասին պաշտոնապես հայտ էր ներկայացրել 2011-ի հոկտեմբերի 12-ին: Վարկի փուլային (պարտքերի մարում, տեխնիկական վերազինում) տրամադրման պայման է դրվել «Նաիրիտ» գործարանի 100 տոկոս բաժնետոմսերի կոնսոլիդացումը կառավարության ձեռքում: Ընդ որում, գործարանը դեռ 2008թ.-ից պատրաստ է բութադիենից քլորոպրենային կաուչուկի արտադրությանը: