Հայ-բելառուսական առեւտրատնտեսական համագործակցության ընդլայնման մեծ հեռանկարներ կան

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-բելառուսական առեւտրատնեսական կապերը տարեցտարի ընդլայնվում են, եւ դրանց հետագա խորացման մեծ հեռանկարներ կան: Այս մասին օգոստոսի 27-ին Տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց հանձնաժողովի հայկական կողմի համանախագահՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը: «Մեծ պոտենցիալ է նկատվում ինչպես առեւտրային կապերի, այնպես էլ փոխադարձ ներդրումների, համատեղ տնտեսական ծրագրերի, հումանիտար ոլորտում հարաբերությունների հետագա ընդլայնման հարցում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

Վահրամ Ավանեսյանը նշեց, որ Հայաստանը առեւտրատնտեսական կապերի խորացման հարցում կշարունակի սերտորեն համագործակցել եւ Եվրոպական Միության եւ Եվրասիական Մաքսային միության անդամ երկրների հետ: «Մեր ռազմավարությունից է բխում գործընկերների հետ առեւտրատնտեսական սերտ համագործակցության շարունակումը եւ դրանք էլ ավելի խորացնելու ուղղությամբ քայլերի ձեռնարկումը: Իհարկե առեւտրային հարաբերությունները միշտ իրենցից մեծ դժվարություն են ներկայացնում եւ հաճախ ես ստիպված լինում խոչընդոտներ հաղթահարել, սակայն մենք հույս ունենք, որ մեր հիմնական գործընկերների հետ կկարողանանք պահպանել սերտ համագործակցությունը»,-ասաց նա:

Վահրամ Ավանեսյանը շնորհակալություն հայտնեց միջկառավարական հանձնաժողովի անդամներին արդյունավետ աշխատանքի համար՝ գոհունակությամբ ընդգծելով, որ նախորդ նիստի ժամանակ ընդունված որոշումները արդյունավետ կատարվել են: «Ես վստահ եմ, որ մեր հետագա համագործակցության ընթացքում մենք ամեն ինչ կանենք հերթական նիստի ժամանակ ընդունված որոշումները սեղմ ժամկետներում կյանքի կոչելու ուղղությամբ»,- ասաց նա:

Հանձնաժողովի բելառուսական կողմի համանախագահ, Բելառուսի Հանրապետության անտառային տնտեսության նախարար Միխայիլ Ամելյանովիչը նշեց, որ հայ-բելառուսական համագործակցությունը կառուցողական եւ դինամիկ բնույթ է կրում՝ վստահություն հայտնելով, որ դրանք հետագայում էլ ավելի կխորանան: «Բոլոր հնարավորությունները կան հայ-բելառուսական համագործակցության ընդլայնման համար, եւ ես համոզված եմ, որ մենք համատեղ ջանքերով կկարողանանք հասնել դրան: Այսօր մենք երկկողմ արձանագրություն ստորագրեցինք, որը պարունակում էր համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության ընդլայնմանն ուղղված որոշումներ, որոնք մենք համատեղ ուժերով կյանքի կկոչենք»,-ասաց նա՝ վստահություն հայտնելով, որ հայ-բելառուսական համագործակցությունը տարեցտարի ավելի լայնածավալ բնույթ է կրելու:

Օգոստոսի 27-ին Երեւանում կայացավ Տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը: Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամները ամփոփել են նախորդ նիստի արձանագրությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման արդյունքները եւ քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Նիստի ավարտից հետո հանձնաժողովի համանախագահներ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը եւ Բելառուսի Հանրապետության անտառային տնտեսության նախարար Միխայիլ Ամելյանովիչը համապատասխան արձանագրություն ստորագրեցին, որում ամրագրեցին նիստի ընթացքում ընդունված որոշումնեերը:

Այս տարվա մարտի դրությամբ Հայաստանի Հանրապետության տնտեսության իրական հատվածում Բելառուսի Հանրապետությունից կատարվել են 197.0 հազար ԱՄՆ դոլարի ներդրումներ, որոնք ուղղակի ներդրումներ են: Հայաստանում գրանցված է բելառուսական կապիտալի մասնակցությամբ 10 ձեռնարկություն:

2013թ. 1-ին կիսամյակում Հայաստանից Բելառուս են արտահանվել էթիլային սպիրտ, ադամանդ, ոսկերչական իրեր, դեղամիջոցներ, թանկարժեք մետաղներ, հատած ծաղիկներ, ծիրան, դեղձ, բալ, կեռաս, սալոր, հանքային ջրեր եւ այլն: Նույն ժամանակահատվածում Բելառուսի Հանրապետությունից Հայաստան են ներկրվել օդաճնշական ռետինե անվադողեր, նավթ, տրակտորներ, դեղամիջոցներ, կաթ եւ սերուցք, կաթի փոշի, ոլորած լար, ոչ կավճապատ ստվարաթուղթ եւ այլ ապրանքներ:

Բելառուսի Հանրապետությունը Ռուսաստանի եւ Ղազախստանի հետ միասին Եվրասիական Մաքսային միության անդամ է: Հայաստանի Հանրապետությունն իր հերթին քննարկում է Մաքսային միությանն ինտեգրվելու ձեւաչափի հետ կապված հարցեր:

Հայերեն English Русский

Բուլղարիայի INSAIT ինստիտուտը մեկնարկում է ԱԲ-ի միջոցով դեղամիջոցների հայտնաբերմանն ուղղված նոր հետազոտական ​​ծրագիր. BTA

Լավրովը ողջունել է, որ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններում առաջին պլան են բերվել հավաքական անվտանգության հարցերը

Երևանը վստահեցրել է Թեհրանին, որ TRIPP-ը չի փոխի տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը. Իրանի ԱԳՆ

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 09/11/26

Ասիական ինդեքսները նվազել են - 09/11/26

ԵՄ-ն կգործարկի հատուկ արտակարգ մեխանիզմ՝ Կիևի հրատապ կարիքները հոգալու համար

ՀՀ դեսպանությունը Քուվեյթի առաջատար զբոսաշրջային ընկերություններին ներկայացրել է Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունները

ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորման Իրանի երկօրյա ծրագիրն ամենախելամիտն է. Բաղայի

ՀՀ վարչապետն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

Հայաստանը շարունակում է աշխատանքները նաև կլիմայի փոփոխության COP-ը հյուրընկալելու ուղղությամբ. Համբարձում Մաթևոսյան