Տնտեսություն

Երեւանում անցկացվում է հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը

3 րոպեի ընթերցում

Երեւանում անցկացվում է հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանում մեկնարկեց Տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը:Հայկական կողմից հանձնաժողվի նախագահն է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, բելառուսական կողմից՝ Բելառուսի Հանրապետության անտառային տնտեսության նախարար Միխայիլ Ամելյանովիչը: Կողմերն օգոստոսի 26-ին քննարկել են նիստի արձանագրության նախագծի կետերը:

Նիստի պաշտոնական բացման ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը արդյունավետ աշխատանք մաղթեց նիստի մասնակիցներին: «Հայաստանը եւ Բելառուսը միշտ լավ հարաբերություններ են ունեցել, եւ ես վստահ եմ, որ դրանք գնալով ավելի ու ավելի են խորանալու՝ թե տնտեսական, թե մնացած ոլորտներում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա՝ վստահություն հայտնելով, որ հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը հնարավորություն կտա համագործակցության նոր ուղիներ գտնել եւ լուծել առկա դժվարությունները:

Բելառուսի Հանրապետության անտառային տնտեսության նախարար Միխայիլ Ամելյանովիչն իր խոսքում նշեց, որ Հայաստանը եւ Բելառուսը երկար տարիներ համագործակցում են տարբեր ոլորտներում, եւ կողմերի միջեւ առկա առեւտրաշրջանառության ծավալները թույլ են տալիս ավելի խորացնել կապերը: «Ես արդյունավետ աշխատանք եմ մաղթում բոլորիս: Վստահ եմ, որ այսօրվա նիստի ընթացքում մեր ընդունած որոշումները նոր հիմքեր կստեղծեն համագործակցության խորացման համար»,-ասաց նա:

Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամները կամփոփեն նախորդ նիստի արձանագրությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման արդյունքները, կքքնարկեն երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ. մասնավորապես՝ Հայաստանի եւ Բելառուսի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները, Հայաստանի եւ Բելառուսի միջեւ առեւտրաշրջանառության ծավալների մեծացման, տնտեսական զարգացման հնարավորությունները, արդյունաբերական կոոպերացիայի ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման, լիզինգով բելառուսական տեխնիկայի մատակարարման խնդիրները: Կքննարկվեն նաեւ գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, ոսկեգործության առողջապահության գիտության եւ կրթության, մշակույթի եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնման ուղիները, երկու երկրների միջեւ միջմարզային կապերի խորացմանն առնչվող բազմաբնույթ հարցեր:

Տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովը հիմնվել է համաձայն 2000թ. հունվարի 18-ին կնքված համաձայնագրի: Համատեղ հանձնաժողվի առաջին նիստը կայացել է 2000թ. հունվարի 18-20-ը՝ Մինսկում: 2013թ. մարտի դրությամբ Հայաստանի Հանրապետության տնտեսության իրական հատվածում Բելառուսի Հանրապետությունից կատարվել են 197.0 հազար ԱՄՆ դոլարի ընդհանուր ներդրումներ: Հայաստանի Հանրապետությունում գրանցված է բելառուսական կապիտալի մասնակցությամբ 10 ձեռնարկություն:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում