Հասարակական

Հալեպ-Բեյրութ ճանապարհին հարձակման ենթարկվածներից վիրավորները տեղափոխվել են Հալեպի հիվանդանոցներ

1 րոպեի ընթերցում

Հալեպ-Բեյրութ ճանապարհին հարձակման ենթարկվածներից վիրավորները տեղափոխվել են Հալեպի հիվանդանոցներ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպից Բեյրութ ուղևորվող երկու ավտոբուսները հուլիսի 23-ի կեսօրից հետո հարձակման են ենթարկվել զինյալ խմբավորումների կողմից: Հարձակումը տեղի է ունեցել Հալեպից 30 կմ հեռավորության վրա: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց աղբյուրը Հալեպից, ավտոբուսներում եղել են բավականին մեծ թվով հայեր: Նրա փոխանցմամբ` հարձակման ընթացքում բացի նրանից, որ գործի են դրվել ռումբեր, կրակ է բացվել նաև դիպուկահարների կողմից:

Հալեպից մեր աղբյուրը հաստատեց, որ հարձակման ենթարկվածների թվում կան զոհեր, իսկ վիրավորներն արդեն իսկ տեղափոխվել են Հալեպի տարբեր հիվանդանոցներ: Զոհվածների և վիրավորների անունները դեռևս ճշտվում են:

Բացի այդ, մեր աղբյուրը տեղեկացրեց, որ հուլիսի 23-ին Սիրիայի հյուսիսարևելյան սահմանին զինյալների կողմից գերի վերցված 200 անձանց թվում հայեր չկան: Հիշեցնենք, որ թուրք-սիրիական սահմանին այսօր զինված ծայրահեղական խմբավորումները գերի են վերցրել խաղաղ բնակիչների` հիմնականում քրդերի:

Սիրիայում ավելի քան երկու տարի շարունակվող բախումների հետեւանքով, ՄԱԿ-ի տվյալներով, ավելի քան 100 հազար մարդ է զոհվել, այդ թվում՝ մոտ հինգ տասնյակ հայեր: Փախստականների թիվը 1,5 միլիոն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում