Մշակույթ

Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները գրանցվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրում

3 րոպեի ընթերցում

Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները գրանցվել են  ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորեայի Հանրապետությունում հունիսի 18-ին կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրի կոմիտեի նիստում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի որոշմամբ և Միջազգային խորհրդատվական կոմիտեի եզրակացության հիման վրա ծրագրի Միջազգային ռեգիստրում գրանցվել է «Արամ Խաչատրյանի ձեռագիր նոտաները և կինոերաժշտությունը»: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, հայկական հայտը համալրել է աշխարհի բոլոր մայրցամաքներից ներկայացված քարից մինչև ձայնային կրիչների վրա պահպանվող 299 փաստաթուղթ պարունակող ցանկը: Այսուհետ, Արամ Խաչատրյանի անունը կդասվի այս ցանկում արդեն իրենց տեղը գտած աշխարհահռչակ այնպիսի կոմպոզիտորների հետ, ինչպիսիք են Բեթհովենը, Բրամսը և Շոպենը:ց

«Արամ Խաչատրյանի ձեռագիր նոտաները և կինոերաժշտությունը» հայտը պատրաստվել է ՀՀ ԱԳՆ կողմից` Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի և կոմպոզիտորի որդի Կարեն Խաչատրյանի օժանդակությամբ: Հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան էր ներկայացվել 2010թ. և մինչև 2012թ. համալրվել էր հավելյալ նոտաների ձեռագրերով:

Այս տարի Ռեգիստրում գրանցված անվանացանկը ներառում է Վրաստանի և Մեծ Բրիտանիայի կողմից համատեղ ներկայացված «Վագրենավորը» պոեմի ձեռագիրը, Գերմանիայի կողմից ներկայացված Կարլ Մարքսի ինքնագրով «Կապիտալ» աշխատության ձեռագիրը, 15-18 դարերում Լեհաստանի թագավորության և Օսմանյան Կայսրության միջև կնքված խաղաղության պայմանագրերը, Իսպանիայի կողմից ներկայացված «The Decreta of León of 1188» վերտառությամբ Եվրոպական խորհրդարանական համակարգի վերաբերյալ ամենահին փաստաթուղթը, 1497-1499 թթ. Վասկո դա Գամայի Հնդկաստան կատարած ճամփորդության վերաբերյալ ձեռագիրը:

Այսպիսով, «Աշխարհի հիշողություն» ծրագրում իր տեղը գտավ հայկական երրորդ փաստագրական ժառանգությունը. 1997 թվականից Հայաստանը ներկայացված էր Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանով, իսկ 2011թ.-ից` «Բենիամին Մարգարյանի գալակտիկաների մասին ուսումնասիրությամբ»:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագիրը մեկնարկել է 1992 թվականին` աշխարհում գոյություն ունեցող արխիվների և գրադարանների արժեքավոր հավաքածուների անհետ կորուստը կանխելու նպատակով: Այս ծրագրի շրջանակներում գոյություն ունի «Աշխարհի հիշողության» ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային ռեգիստր: Այդ Ռեգիստրն իրենից ներկայացնում է փաստագրական ժառանգության ցուցակ, որի մեջ ընդգրկված են այն փաստաթղթերը, ձեռագրերը, տեսա-հնչյունային նյութերն ու գրադարանային հավաքածուները և արխիվները, որոնք ճանաչվել են որպես բացառիկ նշանակություն ունեցող արժեքների մարմնավորում և պետք է վկայագրվեն ու պահպանվեն ամբողջ աշխարհի մարդկության համար:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում