Սպորտ

Քիմ Քարդաշյանի թվիթերյան գրառման շնորհիվ 17.883.120 մարդ իմացավ, թե ինչպես է Հայաստանը նվաստացնում Դանիային. Daily Mail

4 րոպեի ընթերցում

Քիմ Քարդաշյանի թվիթերյան գրառման շնորհիվ 17.883.120 մարդ իմացավ, թե ինչպես է Հայաստանը նվաստացնում Դանիային. Daily Mail

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական Daily Mail պարբերականն անդրադարձ է կատարել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի` Դանիայի ընտրանու նկատմամբ տարած հաղթանակին եւ Քիմ Քարդաշյանի արձագանքին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պարբերականը գրել է, որ Հայաստանի հավաքականն ավելի շատ գոլ խփեց, քան Քիմ Քարդաշյանի կողմից դրված բացականչական նշաններին էին Թվիթերում կատարած «Let’s go Armenia!!!» գրառման մեջ: Անդրադառնալով բուն խաղին՝ պարբերականը հիշեցնում է, որ արդեն հանդիպման 30-րդ վայրկյանին դանիացիները զիջում էին մրցակցին եւ խաղային բազմաթիվ խնդիրներ ունեին: «Դանիացինենրը չէին էլ մտածում, որ հայերին աջակցում է Քիմ Քարդաշյանը»,- գրում է պարբերականը:

Նշվում է, որ Կոպենհագենում ընդամենը 14.784 մարդ էր հետեւում, թե ինչպես է Դանիան նվաստանում աշխարհի առաջնության որակավորման հերթական փուլում, սակայն Քիմ Քարդաշյանի թվիթերյան գրառման շնորհիվ եւս 17.883.120 մարդ իմացան Դանիայի մայրաքաղաքում ծավալվող իրադարձությունների մասին:

Պարբերականը ներկայացնում է Քիմ Քարդաշյանի հաջող կարիերան՝ գրելով, որ հայտնի երգիչ Քանյե Ուեսթից երեխայի սպասող, ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը մեծ հաջողության է հասել Keeping Up with the Kardashians ռեալիթի շոուի շնորհիվ:

Քանյե ուեսթի եւ Քիմ Քարդաշյանի կարողությունը գնահատվում է 51 միլիոն ֆունտ, իսկ Դանիայի դարպասը 4-րդ գնդակն ուղարկած Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի համար Դոնեցկի «Շախտյոր»-ը վճարել է 4 միլիոն ֆունտ: «Հայաստանի բնակչությունը միգուցե Քիմ Քարդաշյանի թվիթերյան էջին հետեւողների թվից 5.5 անգամ փոքր է, սակայն դա չխանգարեց հայերին` կանգնել դանիացիների ճանապարհին, որը 2014թ. Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու հույսեր ունի»,- գրում է պարբերականը:

Երբ Քիմ Քարդաշյանը տոնում էր հաջողությունը, Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մարտին Օլսենը հայտարարում էր, որ սա իր կարիերայի վատագույն խաղն էր:

Պարբերականն անդրադառնում է մրցաշարային աղյուսակում թիմերի զբաղեցրած դիրքերին եւ աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու նրանց հնարավորություններին՝ շեշտելով, որ Դանիան այս պահին զբաղեցնում է ընտրական B խմբի 5-րդ հորիզոնականը՝ առաջ լինելով միայն Մալթայից: «Միաժամանակ Հայաստանի հավաքականը պահպանում է իր 21-ամյա պատմության մեջ առաջին անգամ աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու փոքրիկ հույսերը: Եթե հայերը կարողանան Բրազիլիա հասնել, ապա կարելի է սպասել, որ բիկինիներով հարուստ զգեստապահարան ունեցող Քիմ Քարդաշյանը կաջակցի նրանց Կոբակաբանա լողափից»- գրում է պարբերականը:

Անդրադառնալով Քիմ Քարդաշյանի հայկական արմատներին՝ պարբերականը նշում է, որ դրանք հորական կողմից են: Նշվում է, որ նրա հայրը՝ Ռոբերտ Քարդաշյանը, ով Օ Ջեյ Սիմփսոնի հայտնի դատավարության ժամանակ նրա դատապաշտանն էր, երրորդ սերնդի ամերիկահայ է: Նրա տատն ու պապը՝ Սեմ եւ Հերոմ Քարդաշովները, Միացյալ Նահանգներ են գաղթել ներկայում Թուրքիայում գտնվող Կարսից:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման փուլի Դանիա-Հայաստան խաղում Հայաստանի հավաքականը պարտության մատնեց Դանիայի ընտրանուն՝ 4 անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը: Այդ հաղթանակին անդրադարձել էր նաեւ Քիմ Քարդաշյանը՝ Թվիթերի իր էջում կատարելով «Առաջ Հայաստան» գրառումը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում