Տնտեսություն

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր կքննի գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների հարցը

2 րոպեի ընթերցում

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր կքննի գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների հարցը

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում մայիսի 29-ին աշխատանքային քննարկում տեղի կունենա, որի ընթացքում կքննարկվեն սպառողներին վաճառվող գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների վերանայման վերաբերյալ հարցեր:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայքը, բնական գազի սակագնի վերանայման վերաբերյալ կքննարկվեն համակարգի սակագներին վերաբերող որոշումների նախագծերը, բնական գազի սակագները եւ ծախսերի կառուցվածքը, ինչպես նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գրությունը, որով նա առաջարկել էր գազի նոր սակագնի հարցում հիմք ընդունել 30 տոկոսով ցածր գին՝ նշելով, որ տարբերությունը կփոխհատուցվի ՀՀ կառավարության կողմից, որի մեխանիզմները քննարկվում են ՌԴ կառավարության եւ «ՀայռուսԳազարդ» ՓԲԸ-ի հետ:

Էլեկտրաէներգիայի սակագների վերաբերյալ կքննարկվեն համակարգի սակագներին վերաբերող որոշման նախագծերը, էլեկտրաէներգիայի սակագների մասին տեղեկանքը եւ 2013թ. սակագնային մարժայի հաշվարկները:

«ՀայՌուսգազարդ» ընկերությունը դիմել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` առաջարկելով գազի սակագինը 132 հազար դրամից բարձրացնել 221 հազար դրամի: Առաջարկվում էր ամսական մինչև 10 հազար նորմալ խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին (բաժանորդներին) վաճառվող յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի` գործող սակագինը 132 հազար դրամ, դարձնել 221 հազար դրամ` ներառյալ ԱԱՀ: Հանձնաժողովն սկսել է նաեւ սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթաց:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը պաշտոնական նամակով դիմել էր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին, որի համաձայն` ՀՀ կառավարությունը երեսուն տոկոսով սուբսիդավորելու է գազի սակագինը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում