Հայկական Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին ընդգրկվել է «Եվրոպա Նոստրայի» առավել վտանգված հուշարձանների ցանկում

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա` ապրիլի 18-ի նախօրեին, Եվրոպական ժառանգության պահպանության ոլորտում առաջատար «Եվրոպա Նոստրա»կազմակերպությունը հայտարարել է այն 14 մշակութային կոթողները, որոնք ընդգրկվել են «7 առավել վտանգված» մշակութային ու պատմական կոթողների նախնական ցանկում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես հայտնում են ՀՀ մշակույթի նախարարութունից, այդցանկում է նաև հայկական մշակութային ժառանգությունը ներկայացնող Արագածոտնի մարզի Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին: Եկեղեցու հայտը մշակվել և ներկայացվել է ՀՀ մշակույթի նախարարության կողմից:

Ինչպես նշվում է կազմակերպության պաշտոնական կայքէջում, կոթողների անունները վերջնականապես կհայտարարվեն հունիսի 16-ին Աթենքում` «Եվրոպա Նոստրայի» 50-րդ տարեդարձին նվիրված համաժողովի ընթացքում:

«7 առավել վտանգված» ծրագիրը մեկնարկել է 2012 թ. հունվարին` ոգեշնչված «ԱՄՆ-ի պատմական միջավայրի պահպանության ազգային վստահություն» ծրագրի հաջող իրականացմամբ: Դրա հիմնական նպատակներից է` մասնավոր և պետական մի շարք կազմակերպությունների միավորել միևնույն գաղափարի շուրջ և այդպիսով բացահայտել ժառանգության պահպանության հնարավոր ֆինանսական աղբյուրների տարբերակներ:

Վերջնական յոթնյակի ընտրությունից հետո` ամռան վերջին, «Եվրոպա Նոստրայի» ժառանգության փորձագետներից, կազմակերպության անդամներից, ինչպես նաև ֆինանսական ու տեխնիկական մասնագետներից բաղկացած թիմն այցեր կկատարի բոլոր 7 վայրերով, որտեղ տեղի մասնագետների հետ միասին կանցկացվեն ուսումնասիրություններ և կմշակվեն տարբերակներ կոթողները փրկելու ուղղությամբ: Փրկարարական առաքելության նախնական արդյունքները կհրապարակվեն տարեվերջին` դեկտեմբերի 5-ին, Բրյուսելում «Եվրոպա Նոստրայի»կողմից կազմակերպվող «Եվրոպական ժառանգության քաղաքականությունը» խորագրով կոնֆերանսի շրջանակներում:

«Եվրոպա Նոստրան»իրենից ներկայացնում է արագությամբ աճող քաղաքացիների շարժում` ուղղված եվրոպական ժառանգության պահպանությանը: Բաղկացած լինելով 250 անդամ և 150 անդամակցող կազմակերպություններից, 1500 անդամներից /անհատ/` կազմակերպությունն ուղղակիորեն նպատակ ունի իրականացնել եվրոպական ժառանգության հանրահռչակման քաղաքականություն ամբողջ Եվրոպայում, Եվրամիության հետ համատեղ իրականացնել եվրոպական ժառանգության մրցանակաբաշխություններ և քարոզչական աշխատանքներ տանել Եվրոպայի վտանգված պատմական հուշարձանների ու վայրերի և մշակութային լանդշաֆտների փրկության նպատակով: Հայաստանը «Եվրոպա Նոստրային»անդամակցում է 2012 թվականից:

«7 առավել վտանգված» ծրագրի նախնական ցուցակում ընդգրկված Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին V դարում կառուցված միանավ տիպի եկեղեցի է: Այն հայ ճարտարապետության մեջ «գմբեթավոր դահլիճ» տիպի առաջին օրինակներից է, որը ստացվել է հնագույն եռանավ բազիլիկի վերակառուցումից: Ենթադրվում է, որ 3-րդ դ. վերջին կամ 4-րդ դ. սկզբին հեթանոսական մեհյանը «սրբագործվել է» ու վերածվել քրիստոնեական կառույցի, ապա՝ 5-րդ դ. վերջին կամ 6-րդ դ. սկզբին, Նիգ գավառի տեր Գրիգոր Գնթունի իշխանի պահանջով ու միջոցներով վերածվել է գմբեթավոր սրահի: Գմբեթատակ քառակուսուց անցումը գմբեթին իրականացվել է տրոմպների միջոցով: Սբ Պողոս-Պետրոս եկեղեցու գմբեթը հայ ճարտարապետության գմբեթաշինության մեջ ուրույն տեղ է գրավում, իր տեսակի մեջ հաջորդում է Տեկորի տաճարին, ինչպես նաև առաջիններից է պաշտամունքային ճարտարապետության մեջ առհասարակ:

1962-1967 թթ. ջրամբարի կառուցումից հետո այդ տեղում գտնվող Զովունի գյուղի երեք եկեղեցիներից երկուսը` Թուխ Մանուկ միանավ եկեղեցին (IV-V դ.) և Սբ Վարդան մատուռ-դամբարանը հնագիտական պեղումներով հետազոտվել, չափագրվել, ապամոնտաժվել և տեղափոխվել են մոտակա բարձունքի վրա: Երրորդը` Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին, հետազոտվելուց հետո մնացել է իր համեմատաբար բարձրադիր տեղում, վերածվել կղզու և տարվա մեջ մի քանի ամիս կիսով չափ ծածկված է ջրով: Վերջին վերանորոգման աշխատանքները կատարվել են 19-րդ դարի վերջերին, իսկ 20-րդ դարում արդեն քանդվել են եկեղեցու ծածկը և հարավային պատը:

2009 թ. նախարարության պատվերով, ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպություն» ՀԿ-ի կողմից իրականացվել է եկեղեցու մոնիթորինգ, և այն ընդգրկվել է ՀՀ առավել վտանգված հուշարձանների ցանկի մեջ: Միջազգային փորձագետների խորհրդատվության և տեղի մասնագետների կողմից մանրամասն նկարագրված գործողությունների, ինչպես նաև նախագծի կազմման արդյունքում միայն հնարավոր կլինի իրականացնել այդ բացառիկ նշանակության եկեղեցու տեղափոխման և վերականգնման աշխատանքները:

Տեղափոխման վայրի ընտրության խնդիրը և անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափը կորոշվի նախնական ուսումնասիրության և նախագծման փուլում: Միևնույն ժամանակ նախնական ուսումնասիրություններ կատարելու համար «Հուշարձանների ամրակայում, նորոգում և վերականգնում» ծրագրով 2013թ. ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին նախատեսվել է հատկացնել 990 հազար դրամ գումար:

Հայերեն English

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա