ՀԱԿ-ը քննադատում է Րաֆֆի Հովհաննիսյանին հավաքվածներին թողնելու եւ մոմավառության գնալու համար
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայ ազգային կոնգրես»-ը քննադատում է Րաֆֆի Հովհաննիսյանի այն քայլը, որ ապրիլի 9-ին նա ժողովրդին թողեց ոստիկանների հետ ու գնաց մոմավառության, արդյունքում էլ սկսվեց այդ բախումը: Այս մասին ապրիլի 12-ին հրավիրված ասուլիսում ասաց «Ժողովրդի իշխանություն» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր Զոյա Թադևոսյանը: «Պետք չէր ժողովրդին կանգնեցնել և միասին երդվել, որ այսուհետ իրենք կլինեն օրինապաշտ քաղաքացիներ: Նրանցից մեծ մասն արդեն օրինապաշտ էին, և հարկ չկար նման հայտարարություն անելու: Օրինապաշտ լինելը մեր արյան ու դաստիարակության մեջ է, մենք ակամայից այդպիսին ենք»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Զոյա Թադևոսյանը:
Նա քննադատեց, որ Ազատության հրապարակում հավաքված քաղաքացիները հուսադրող խոսքեր ու քաղաքական բնույթի հայտարարություններ լսելու փոխարեն լսում էին կրոնական կամ քաղաքական ելույթներ: Բանախոսի դիտարկմամբ` դա հեղափոխություն չէ: «Ինձ համար հեղափոխությունը գորշ նյութի ճիշտ օգտագործումն է, ոչ թե արնահեղությունը: Հեղափոխությունը միայն մարդկանց գիտակցության մեջ պետք է լինի: Եթե մարդիկ չկեղծեն ընտրությունները, եթե հասկանան, որ իրենց երեխաների ապագան են կեղտոտում, դա կլինի իսկական հեղափոխություն»,- ասաց նա` հավելելով, որ հեղափոխության ժամանակ պետք է չխախտել ոչ մի կանոն, հետևել օրենքներին ու մաքուր մնալ:
Զոյա Թադևոսյանն անդրադարձավ նաև Րաֆֆի Հովհաննիսյանի Մոսկվա մեկնելուն: «Երբ Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակ հրավիրեց Սերժ Սարգսյանին, և նա չգնաց այնտեղ, Րաֆֆին անձամբ գնաց նրա մոտ: Այս անգամ նույնպես այդպես ստացվեց. Վլադիմիր Պուտինը չեկավ հանդիպման, իսկ Րաֆֆին որոշեց ինքը գնա Մոսկվա և հանդիպի Պուտինի հետ»,- մեկնաբանեց Թադևոսյանը:
Ապրիլի 9-ին Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանը որոշում է կայացրել ցուցարարների հետ շարժվել դեպի նախագահական նստավայր, սակայն Բաղրամյան պողոտայի սկզբնամասում նրանց ճանապարհը փակել են ոստիկանները՝ նշելով, որ երթն անօրինական է: Ստեղծված իրավիճակը շտկելու համար դեպքի վայր է ժամանել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ում հետ բանակցություններից հետո Րաֆֆի Հովհաննիսյանն իր համախոհների եւ ոստիկանության ուղեկցությամբ Սարյան փողոցով բարձրացել է Ծիծեռնակաբերդ եւ ծաղիիկներ դրել Ցեղասպանության զոհերի հիշատակին: Ծիծեռնակաբերդից նա վերադարձել է Ազատության հրապարակ եւ հավաքվածներին ցրվելու կոչ է արել՝ նշելով, որ Ազատության հրապարակում իրենց պայքարը կշարունակեն ապրիլի 12-ին: Ապրիլի 11-ին Րաֆֆի Հովհաննիսյանը մեկնել էր Մոսկվա: