Հասմիկ Պողոսյանը հանդիպել է վիրահայոց համայնքի ներկայացուցիչների հետ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը մարտի 22-ին Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում հանդիպել է Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ գրողների միության նախագահ Լևոն Անանյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վիրահայոց թեմի մամուլի ծառայությունից, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանն իր խոսքում արժևորել է երկրի վարչապետ Բիձինա Իվանիշվիլու, Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի և այլ կառույցների ղեկավարների հետ հանդիպումները և քննարկումները:
Հասմիկ Պողոսյանն իր ելույթում կարևորել է մշակույթի բոլոր ոլորտներում համագործակցության երկուստեք մեծ ցանկությունը` ընդգծելով դեռևս հունվար ամսին Երևանում երկու երկրների՝ Վրաստանի և Հայաստանի մշակույթի նախարարությունների միջև ստորագրված համագործակցության եռամյա ծրագիրը, որը վերաբերում է բոլոր բնագավառներին, ընդհուպ մինչև հայկական եկեղեցիների վերականգնման աշխատանքներին: Մշակույթի նախարարը խոսել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորությամբ Սայաթ-Նովայի 300-ամյակի կապակցությամբ օգոստոս ամսին Հաղպատում կայանալիք աշուղական երգի փառատոնի մասին` միաժամանակ կարևորելով վրացիների, ինչպես նաև այլազգի ներկայացուցիչների մասնակցությունը:
Ամփոփելով հանդիպումը` Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը պատմել է «Հայարտուն» մշակույթի կենտրոնում ծավալված ազգանվեր գործունեության, Վրաստանում ՀՀ դեսպանության հետ համատեղ անցկացրած բազմաթիվ միջոցառումների մասին: Սրբազան Հայրը երախտիքի խոսքեր է ուղղել ՀՀ մշակույթի նախարարությանը՝ «Հայարտան» գործունեությանը օժանդակելու համար:Հանդիպման վերջում միջոցառման մասնակիցները միմյանց նվերներ են հանձնել, որին հաջորդել է «Հայարտուն» մշակույթի կենտրոնի կազմակերպած համերգը: