Մեկնարկեց «Հյուսիս-Հարավ» մայրուղու Աշտարակ-Թալին հատվածի շինարարության նախապատրաստական փուլը
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հյուսիսը հարավին կապող «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի» Աշտարակ- Թալին հատվածի վերակառուցման և շինարարության աշխատանքների նախապատրաստական փուլը մեկնարկեց փետրվարի 14-ին: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այդ մասին ճանապարհի շինարարության վայրում՝ Դավթաշեն և Կաթնաղբյուր համայնքների միջև ընկած հատվածում, լրագրողներին տեղեկացրեց Ծրագրի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը:
«Մենք այսօր սկսում ենք նախապատրաստական աշխատանքները այս հատվածի նոր կառուցվող ճանապարհի շինարարության ուղղությամբ»,- ասաց Հովսեփյանը: Նա նշեց, որ նպատակ կա մինչև 2017 թվականի կեսերը Արտաշատ- Երեւան-Թալին- Գյումրի հատվածում ունենալ լայնացված, քառուղի, բետոնե ծածկովերկկողմանիճանապարհ: «Մոտավորապես 30-40 րոպեով կկրճատվի Երեւանից Գյումրի ճանապարհի երթևեկության ժամանակը»,- ասաց տնօրենը:
Հովսեփյանը հիշեցրեց, որ 2012 թվականի սեպտեմբերի 13-ին ազդարարվել էր Երեւան- Արարատ և Երեւան-Աշտարակ հատվածների շինարության սկիզբը: «Այնտեղ մենք եղած ճանապարհի ասֆալտե ծածկը փոխարինում ենք բետոնե ծածկով»,-ասաց նա: Հովսեփյանը ճանապարհի Աշտարակ-Թալին հատվածի շինարարության ժամկետի ձգձգումը բազմաթիվ օտարվող հողատարածքների հետ կապված հարցերով պայմանավորեց: Գլխավոր գործադիր տնօրենը նշեց, որ այդ հատվածում օտարվելու է շուրջ 838 հողատարածք, որի համար կառավարությունը նախատեսել է մոտավորապես 6 միլիոն դոլար: «Շուրջ հազարից ավելի բնակիչներ իրենց հողերի համար փոխհատուցում են ստանալու»,- ասաց նա:
Ծրագրի գլխավոր ինժեներ Իգիթ Հովսեփյանը պարզաբանեց, որ ներկա պահին Աշտարակ- Թալին հատվածում կատարվում են հողային աշխատանքներ: «Անհրաժեշտության դեպքում տվյալ հատվածում ունենալու ենք մեծ լիցքի աշխատանքներ, տարածքը բերվելու է համապատասխան մակարդակի»,- ասաց գլխավոր ինժեները՝ հավելելով որ ճանապարհի լայնությունը շուրջ 26,7 մետր է: «Առաջին կարգի ճանապարհ ենք ունենալու»,- նշեց ինժեները:
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Աշտարակ-Թալին հատվածի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2016 թվականի մարտի 31-ին: Ճանապարհի երկարությունը շուրջ 42 կմ է: Շինարարության արժեքը 210 միլիոն դոլար է: Կապալառուն իսպանական «ISOLUX CORSAN» ընկերությունն է: Ֆինանսավորողներն են ՀՀ կառավարությունը և Ասիական զարգացման բանկը:
«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը» խոշոր ենթակառուցվածքային ծրագիր է, որի նպատակն է միջազգային բարձր չափորոշիչներին բավարարող տրանսպորտային ուղիներով Հայաստանի հարավը կապել հյուսիսի հետ: Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի վերակառուցումը և զարգացումը հնարավորություն կտա դյուրինացնել և աշխուժացնել ինչպես արտաքին, այնպես էլ ներքին փոխադրումներն ու առևտուրը: Ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվեն տարածաշրջանային արդյունավետ տարանցիկ ճանապարհներ: Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի երկարությունը կազմում է 556 կմ: Ծրագրի իրականացման ժամկետը 2009 թվականից մինչև 2017 թվականն է: Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը ապահովում է Հայաստանի, Վրաստանի տարածքներով ելք դեպի Սև ծով և այնուհետև դեպի եվրոպական երկրներ:




