ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառուցվելուց հետո Երեւանի կրկեսն ամբողջությամբ կհամապատասխանի միջազգային չափանիշներին եւ հին շենքից կտարբերվի մի շարք առանձնահատկություններով: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրեց «Երեւանյան կրկես» մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը:
Թեեւ նախապես ծրագրված էր շենքի կառուցումն ավարտել 2013-ի հոկտեմբերին, սակայն նախագծային որոշ փոփոխությունների հետեւանքով այն ամբողջությամբ քանդվեց, ինչն էլ կերկարաձգի վերանորոգման աշխատանքների ավարտը:
«Կրկեսի նոր շենքը կհամապատասխանի միջազգային բոլոր ստանդարտներին, նախորդի 1560 տեղերի քանակը կհասնի 2000-ի, կլինեն 3 փոփոխական մանեժներ, շենքը նախորդի համեմատ կբարձրանա 6 մետրով եւ հագեցած կլինի ամենավերջին տեխնիկայով»,- նշեց մշակութային կենտրոնի ղեկավարը: Չնայած երկարատեւ աշխատանք է սպասվում, բայց արդյունքում կկառուցվի միջազգային ստանդարտներին համապատասխան, մոդեռնիզացված կրկեսի շենք:
Դեռ անհայտ է, թե որքան գումար անհրաժեշտ կլինի շինարարական աշխատանքների իրականացման համար: «Այս պահին գումարի մասին հստակ ոչինչ չեմ կարող ասել: Մի քանի օրից, երբ ճարտարապետը կներկայացնի վերջնական էսքիզները, կքննարկենք եւ կորոշենք, թե ինչ գումարի շրջանակում կիրականացվի շենքի վերանորոգումը»,- ասաց Սոս Պետրոսյանը:
Թեեւ կրկեսը վերանորոգման փուլում է, սակայն դա դերասաններին անգործության չի մատնել: «Մեր բոլոր դերասաններն ու կենդանիները տարբեր երկրներում հանդես են գալիս հյուրախաղերով, ոչ ոք անգործության չի մատնված, ընդհակառակը. բոլորն էլ ակտիվորեն աշխատում են»,-ասաց Սոս Պետրոսյանը:
Կրկեսի շենքը հիմնադրվել է 1962 թվականին եւ հիմնադրումից ի վեր չի վերանորոգվել, իսկ վերջերս մեկնարկած հիմնանորոգման աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել մինչեւ 2014 թվականի վերջը: