Երևանում մեկնարկել է «Ռուս-Հայկական ԷՔՍՊՈ 2012» արդյունաբերական հինգերորդ ցուցահանդեսը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի և Հայաստանի տնտեսական հարաբերությունների խորացմանը միտված «Ռուսաստան-Հայաստան Էքսպո 2012» 5-րդ հոբելյանական արդյունաբերական ցուցահանդեսն է մեկնարկել Երևանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ցուցահանդեսի բացմանը ՀՀ-ում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն վստահություն է հայտնել, որ ցուցահանդեսն իր ներդրումը կունենա հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման և խորացման գործում:

«Ցուցահանդեսը հենց դրան էլ միտված է` խթանել Հայաստանի և Ռուսաստանի տարածաշրջանային տնտեսական հարաբերությունները: Պետք է նորարական ձեռքբերումները ներդնել տնտեսության մեջ: Այս տարվա ցուցահանդեսն ավելի ներկայացուցչական է, արդյունաբերողների մեծ շրջանակներ են ներկայացված, և սա կարևոր է Հայաստանի և Ռուսաստանի համար` տնտեսական ճգնաժամի պայմաններում գտնելու այն տնտեսական հարաբերությունների զարգացման մոդելը, որը շահավետ կլինի երկու կողմերի համար»,-ասաց Կովալենկոն:

Հայկական կողմի կազմակերպիչ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն էլ, անդրադառնալով ցուցահանդեսի անցկացմանը, խոստացավ, որարդեն 5-րդ անգամ անցկացվող ռուս-հայկական արդյունաբերական ցուցահանդեսն ավանդական կդառնա: «Սա լավ հարթակ է բիզնես շրջանակների համար` հանդիպելու, նոր գործընկերներ գտնելու և համատեղ բիզնես սկսելու»,-ընդգծեց Ծառուկյանը:

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը եւս կարևորեց ցուցահանդեսի անցկացումը ռուս-հայկական տնտեսական հարաբերությունների զարգացման առումով: «Այսպիսի միջոցառումները պարարտ հող են ստեղծում նորարարական գաղափարների փոխանակման և արդյունաբերական մշակումների ռեալ իրագործման համար: Հայաստանի և Ռուսաստանի արդյունաբերողներն արդեն 5-րդ անգամ հանդիպում են և ներկայացնում իրենց հնարավորությունները և առաջարկները: Թեև Հայաստանն ու Ռուսաստանը տարբեր տնտեսական հնարավորություններ ունեցող երկրներ են, շուկաները և չափերը տարբեր են, սակայն, միավորելով մեր հնարավորությունները տնտեսական համագործակցության ոլորտում, կարելի է ավելի լավ ձեռքբերումներ գրանցել և ընդլայնել ու խորացնել տնտեսական հարաբերությունները: Ռուսաստանը կա և կլինի Հայաստանի ամենախոշոր տնտեսական գործընկերը, և այս ցուցահանդեսը ևս մեկ անգամ հնարավորություն է ընձեռում ավելի զարգացնել այդ հարաբերությունները»,-ասաց ՀՀ ԱԺ նախագահը:

«Ռուս-Հայկական ԷՔՍՊՈ 2012» ցուցահանդեսը 5-րդ անգամ է անցկացվում Հայաստանում: Առաջին ցուցահանդեսն անցկացվել է 2008թ.-ի նոյեմբեր ամսին: Միջոցառման կազմակերպիչներն են հայաստանյան «Մուլտի Գրուպ» կոնցեռնը և ռուսաստանյան «Զարուբեժ ԷՔՍՊՈ» ընկերությունը: Ցուցահանդեսի մասնակիցներ են հանդիսանում արդյունաբերական, գյուղատնտեսության, բժշկության, էներգետիկայի, հանքարդյունաբերական և այլ ոլորտների արտադրողներ:

«Ռուս-Հայկական ԷՔՍՊՈ 2012» 5-րդ ցուցահանդեսի շրջանակներում անցկացվելու են մի շարք համատեղ բիզնես ֆորումներ: Մինչ օրս ցուցահանդեսին մասնակցել են մոտ 500 ռուսաստանյան տարբեր ոլորտի արտադրողներ:

Հայերեն Русский

Նոյեմբերի 11-ի միջոցառումների անոնս

Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները

Հեգսեթը մամուլի ասուլիս է անցկացրել՝ անդրադառնալով իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությանը

Գիտության համաշխարհային օրը նշանավորվեց «Ընդհանուր եզրեր՝ գիտական դիվանագիտության միջոցով» խորագրով նիստով

Անսահման եռանդ և նվիրվածություն. Հայաստանի գրողների միությունը տոնեց երջանկահիշատակ Լևոն Անանյանի 80-ամյակը

Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը

ԱՄՆ-ն 166 հազար դոլար կհատկացնի Խորեն Տեր-Հարությանի թանգարանի վերանորոգմանն ու ժառանգության պահպանմանը

Ռուսաստանը չի համաձայնի Ուկրաինայում անհապաղ հրադադարի, մինչև չիմանա՝ ինչ է լինելու հետո. Լավրով

Դանիան 720 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ կուղարկի Ուկրաինային

Աբու Դաբիում ավարտվել է ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա եռակողմ բանակցությունների առաջին օրը