Քաղաքականություն

Շարմազանովն ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովում «լռեցրել» է ադրբեջանական կողմին

4 րոպեի ընթերցում

Շարմազանովն ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովում «լռեցրել» է ադրբեջանական կողմին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովում ինչպես հարկն է պատասխանել է ադրբեջանական պատվիրակության մերկապարանոց հայտարարություններին:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հոկտեմբերի 22 –ին լրագրողների հետ հանդիպմանը Շարմազանովը նշեց, որ իր ելույթից առաջ Ադրբեջանի խորհրդարանի տարածաշրջանային հարցերով հանձնաժողովի նախագահ Արիֆ Ռագիմզադեն շտապել է դուրս գալ սենյակից` առաջին ելույթի իրավունքը թողնելով հայկական պատվիրակությանը, սակայն ելույթի հենց սկզբում խմբով վերադարձել են դահլիճ: Ռագիմզադեն հայտարարել է, թե ապշած է հայկական կողմի ելույթից, քանի որ «ռասիզմից եւ քսենոֆոբիայից խոսում է մի պետության ներկայացուցիչ, որտեղ ոտնահարվում են ազգային փոքրամասնությունների իրավունքները»: Այս հայտարարությանն ի պատասխանՇարմազանովը պատասխանել է. «Անհիմն է ազգային փոքրամասնությունների իրավունքների խախտում փնտրել մի երկրում, որտեղ Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնությունը փոխնախագահ է ընտրել ազգությամբ հույն անձնավորությանը»:

Խոջալուի իրադարձություններում հայ ժողովրդի մեղավորության մասին Ռագիմզադեի ելույթին հակադարձելով` Շարմազանովն ադրբեջանցիներին խորհուրդ է տվել ծանոթանալ Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի հարցազրույցին, որտեղ նախագահը խոստովանում էր` Խոջալուի դեպքերի պատասխանատուներն Ադրբեջանի Ժողովրդական ճակատի ներկայացուցիչներն են: Շարմազանովն իր ելույթում խոսել է նաեւ Սաֆարովի «հերոսության» մասին, նշելով, որ տվյալ ազգի բնորոշման ավելի ցայտուն օրինակ չի կարող լինել:

ԱԺ փոխխոսնակն այցի շրջանակներում հանդիպել է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեեւի հետ: Կողմերը մտքեր են փոխանակել ԱՊՀ-ում ինտեգրացիոն գործընթացների հետագա խորացման եւ տարածաշրջանային հնարավոր զարգացումների շուրջ: Այս առնչությամբ ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է ԱՊՀ-ում ինտեգրացիոն գործընթացների խորացմամբ եւ ակտիվորեն ներգրավված է դրանցում: Նրա խոսքով` դրա վառ ապացույցներից մեկը Հայաստանի կողմից ԱՊՀ-ում ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին պայմանագրի վավերացումն է: Տարածաշրջանային կայունության եւ անվտանգության համատեքստում անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման ներկայիս փուլին` Շարմազանովն ընդգծել է, որ խնդրի ռազմական լուծումը եւ Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումն անթույլատրելի են: Նա հավելել է, որ միջազգային հանրությունը չպետք է հանդուրժի ադրբեջանական որեւէ սադրանք: ԱԺ փոխնախագահը վերահաստատել է ՀՀ պաշտոնական տեսակետն առ այն, որբ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում` խաղաղ բանակցությունների արդյունքում եւ երեք հայտնի սկզբունքների հիման վրա:

Սերգեեւն իր հերթին բարձր է գնահատել ՀՀ ԱԺ պատգամավորների ակտիվ աշխատանքն ԱՊՀ ՄԽՎ-ում` հույս հայտնելով, որ իրենց միջեւ արդյունավետ փոխգործակցությունը հետագայում եւս կշարունակվի: Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը` ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, խնդրի բացառապես խաղաղ լուծման կողմնակիցն է: Հանդիպման ավարտին անդրադարձ է եղել նաեւ Հայաստանի գալիք նախագահական ընտրություններին: Սերգեեւը տեղեկացրել է, որ ԱՊՀ ՄԽՎ-ն այս ընտրություներին եւս պատրաստ է հանդես գալ դիտորդական առաքելությամբ: Շարմազանովն ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղարին հավաստիացրել է ժողովրդավարական, արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելու Հայաստանի իշխանությունների պատրաստակամության եւ վճռականության մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում