ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի հայկական եւ քրիստոնեական թաղամասերում իրավիճակը հանդարտ է, վերջին օրերին կրակոցների ձայներ չեն լսվում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Բերիո թեմի Ազգային առաջնորդարանի մամլո խոսնակ Ժիրայր Ռեյիսյանը` հույս հայտնելով, որ իրավիճակը նման կերպ էլ կշարունակվի:
Անդրադառնալով Հալեպի հայկական Նոր Գյուղ թաղամասում դիպուկահարի փամփուշտից վիրավորված հայերի առողջական վիճակին` Ռեյիսյանը նշեց, որ վիրավորները բժիշկների խիստ հսկողության տակ են գտնվում, եւ նրանցվիճակը կայուն է:
Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 10-ի կեսօրին Հալեպի Նոր Գյուղ շրջանում դիպուկահարների փամփուշտից վիրավորվել էր 35-ամյա Գեւորգ Թալշյանը: Հոկտեմբերի 11-ին կրկին դիպուկահարի արձակած գնդակը խոցել էր մեկ այլ հայազգի երիտասարդի` 25-ամյա Հովիկ Թամփալյանին:
Ժիրայր Ռեյիսյանը հոկտեմբերի 11-ի երեկոյան տեղեկացրել էր, որ դիպուկահարի արձակած գնդակից զոհվել էր հայազգի Ժան Թահհանը:
Իսկ սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ Հալեպի Քարամ Ջաբալ շրջանում կառավարական ուժերի հետ բախումների ժամանակ տասնյակ զինյալներ են ոչնչացվել, բացի զինյալներից ոչնչացվել են նրանց պատկանոց մեքենաները եւ զինապահոցը:
Սիրիայում ավելի քան 18 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 30 հազարից ավելի մարդ, այդ թվում` գրեթե չորս տասնյակ հայեր: