Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերություններում բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը կաթի և կաթնամաթերքի արտադրությամբ զբաղվող ընկերություններում ուսումնասիրություններ է կատարել` սոդայի կեղծվածության, բուսական յուղի և կաթի փոշու առկայության վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` ՀՀ կառավարության նիստում պատասխանելով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հարցին` ՀՀ սննդի անվտանգության պետական տեսչության պետ Աբրամ Բախչագուլյանը տեղեկացրեց, որ սոդայով կեղծվածություն է հայտնաբերվել «Անի-Թամարա», «Բիոկաթ», «Դուստր Մարիաննա», «Արզնի կաթ», «Աշտարակ-կաթ», «Մուլտի ագրո» և «Թամարա» ընկերությունների կաթի արտադրանքում:
«Ներկայում իրականացվում են տեսչական ստուգումներ բոլոր ընկերություններում` պարզելու` սոդայի կեղծվածության գործընթացը, որ փուլում է տեղի ունեցել: Տնտեսվարողներն ասում են, որ սոդայի կեղծվածությունն իրականացրել են այն կազմակերպությունները, ովքեր մթերում են հում կաթ: Բայց հում կաթում սոդայով կեղծվածություն չի հայտնաբերվել: Կաթի և կանթմաթերքի տեխնիկական կանոնակարգում պաստերիլիզացված կաթում սոդայի առկայություն չի թույլատրվում: Քանի որ սոդան այդպիսով իջեցնում է կաթի թթվայնությունը և թույլ չի տալիս ամառվա շոգին, որ կաթը թթվի»,- ասաց Բախչագուլյանը:Սննդամթերքի անվտանգության օրենքը չի արգելում կաթի փոշու օգտագործումը, սակայն այդ մասին պետք է արտադրանքի վրա համապատասխան մակնշում լինի: Թթվասերի մեջ կաթի փոշու առկայություն հայտնաբերվել է երեք ընկերության արտադրանքում. «Դուստր Մարիաննա» և «Անի-Թամարա» ընկերությունների արտադրանքում մակնշումը համապատասխանել է իրականությանը: Կաթի փոշի հայտնաբերվել է նաև «Մուլտի ագրո»-ի թթվասերում, սակայն մակնշումը բացակայել է: Բախչագուլյանի տեղեկացմամբ` «Արզնի կաթ» ընկերության թթվասերի բաղադրության մեջ հայտնաբերվել է բուսական յուղ, իսկ բուսական յուղի առկայությունն անթույլատրելի է, քանի որ արտադրանքը կենդանական ծագման է:
Պատասխանելով Տիգրան Սարգսյանի հարցին` արդյո՞ք կաթի փոշու առկայությունը ենթադրում է, որ գնի փոփոխություն պետք է տեղի ունենա` Բախչագուլյանը նշեց, որ գնի փոփոխության հարցը տնտեսական հաշվարկներ է պահանջում, իսկ տնտեսվարողները թյուրիմացության մեջ են գցել սպառողներին: «Ես հետաքրքրվել եմ ընկերություններից` արդյոք մակնշման մեջ կաթի փոշու առկայության մասին տեղեկատվության հրապարակումն ազդել է ապրանքի սպառման վրա, ընկերությունները նշել են` ոչ: Մեր սպառողը դեռ այդ կուլտուրան չունի, որ մակնշման մեջ կարդա բաղադրությունը և հետո միայն գնի ապրանքը»,- ասաց Բախչագուլյանը:
Պանիր արտադրող ընկերություններում նույնպես տեսչական ստուգումներ են իրականացվում: Հայաստանում գործում է պանիր արտադրող 100 ընկերություն: «Մտահոգություններ կան, նաև ահազանգեր, որ այս ընկերությունները փորձում են սպառողին թյուրիմացության մեջ գցել պանրի յուղայնության հետ կապված` օգտագործելով տարբեր ներկանյութեր»,- ասաց Բախչագուլյանը: Պատասխանելով վարչապետի հարցին` թե ե՞րբ արդյունքները հայտնի կլինեն` ոլորտի պատասխանատուն նշեց, որ դրանք հայտնի կդառնան երկու ամսից:
Վարչապետը հանձնարարեց այս խնդիրը պահել ուշադրության կենտրոնում: