ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսի Ջարամանա արվարձանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով վիրավորված երեք սիրիահայերի վիճակը, բարեբախտաբար, արդեն լավ է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Դամասկոսի հայկական համայնքի ներկայացուցիչը, մեր հայրենակիցները լուրջ վնասվածքներ չէին ստացել եւ արդեն դուրս են գրվել հիվանդանոցից:
Դամասկոսում իրավիճակը, ընդհանուր առմամբ, հանգիստ է, կրակոցների ձայները համեմատաբար քչացել են:
Ավելի վաղ սեպտեմբերի 3-ին սիրիական ՍԱՆԱ գործակալկությունը տեղեկացրել էր, որ Ջարամանա արվարձանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով հինգ մարդ էր զոհվել, եւս 23-ը վիրավորվել: Ինչպես հետագայում պարզ դարձավ զոհվածների թվում էր նաեւ ազգությամբ հայ Լուսաբեր Յակուբյանը:
Ինչ վերաբերում է Հալեպում տիրող իրավիճակին, ապա Հալեպի Բերիո թեմի Ազգային առաջնորդարանի մամլո խոսնակ Ժիրայր Ռեիսյանն«Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ երեկ եւ այսօր իրավիճակը փոքր-ինչ հանդարտ է, չնայած որ ոչինչ լուծված չէ, եւ այժմ անորոշ լռություն է տիրում: Ռեյիսյանի խոսքով` կրակոցների ձայներ են լսվում ծայրամասերում, մերթընդմերթ նաեւ կենտրոնական շրջաններում: Հայաշատ Նոր գյուղի Միդան շրջանը եւ հայկական ծերանոցը սահմանագծային շրջաններ են, որտեղ կրակոցներն ավելի հաճախակի են լսվում:
Հալեպահայերը ֆեյսբուքյան էջում նույնպես նշել են, որ իրավիճակի փոփոխություններ չկան, իրենց կացարաններում հույսով սպասում են, թե երբ այս ամենը կվերջանա:
Ընդդիմադիրների եւ կառավարական զորքերի միջեւ Սիրիայում սկսված բախումների հետեւանքով զոհվել են մեկ տասնյակից ավելի հայեր, որոնցից երկուսը` սիրիական բանակի զինծառայողներ: