«Արմենալ»-ն ավելացնում է աշխատավարձը և վճարումները պետբյուջե

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի փայլաթիթեղագլանման «Արմենալ» գործարանը 2012թ. առաջին կիսամյակում թողարկել է 12630,1 տոննա արտադրանք, ինչը 3.7 տոկոսով պակաս է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին գործարանի լրատվական ծառայությունից, արտադրության որոշ կրճատումը կապված է անցած ձմեռ սևծովյան այն նավահանգիստներում հաստատված եղանակային արտակարգ պայմանների հետ, որոնց միջոցով «Արմենալ»-ին հումք է առաքվում «Ռուսալ»-ի գործարաններից: Աննախադեպ սառնամանիքների պատճառով երկարաժամկետ ընդհատվել էր ծովագնացությունը Նովոռոսիյսկ-Փոթի և Նովոռոսիյսկ-Բաթումի ուղղություններով:

«Արմենալ»-ը կատարում է պետության առջև ստանձնած պարտավորությունները և հաջողությամբ իրականացնում է ներքին սոցիալական ծրագրերը: ՀՀ պետեկամուտների կոմիտեի տվյալներով` 2012 թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստանի պետբյուջե վճարվել է 672,85 մլն դրամ, որը 11,1 տոկոսով ավելի է անցյալ տարվա նույն ցուցանիշից: Պարտադիր սոցիալական ապահովագրությանը կատարված վճարումներն աճել են 12,0 տոկոսով և հասել 137,85 մլն դրամի:

2012 թ. առաջին կիսամյակում գործարանի միջին աշխատավարձը ավելացել է 5 տոկոսով և կազմել 262105 դրամ: Աշխատավարձի ինդեքսավորման նպատակով «Արմենալ»-ի անձնակազմին հունվար-հունիսին վճարվել է 20 հազար դոլարից ավելի (2011 թ. առաջին կիսամյակում աշխատավարձը չի ինդեքսավորվել): Ընթացիկ ժամանակահատվածում դոտացիոն անվճար սննդի կազմակերպման համար հատկացվել է 147 հազար դոլար, որը 2,55 անգամ ավելի է անցյալ տարվա նույն ցուցանիշից:

Հայերեն Русский