Ժամանակն է, որ Արցախն ընդգրկվի ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններում. Սեյրան Օհանյան
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդեն ժամանակն է, որպեսզի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը մասնակցի ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններին` որպես բանակցային կողմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` օգոստոսի 14-ին բազեականների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նախարարին այս համոզմունքը տալիս են ԼՂՀ-ում տիրող իրավիճակը, արագ զարգացումները: «Դրանք կամաց-կամաց բերում են նրան, որ ինչպես Հայաստանը, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունները գան համոզման, որ ժամանակն է` ԼՂ-ն բանակցություններում որպես բանակցող կողմ ներկայանա եւ մասնակցի հարցի բանակցային կարգավորմանը: Ժամանակ է պետք է, որ այս հարցում մենք առաջընթաց ունենանք, կարողանանք հիմնավորել: Ամենից կարեւորն այն է, որ մենք դե յուրե հաղթել ենք եւ դե յուրե գնալու ենք նրան, որ ԼՂՀ-ն ճանաչվի»,- շեշտեց պաշտպանության նախարարը:
Սեյրան Օհանյանը հիշեցրեց, որ Հայաստանը եւ Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են, ունեն բավականին ամուր եւ երկարատեւ պայմանագիր: «ՌԴ-ն պարտավորվել է մեզ անհրաժեշտության դեպքում ապահովել ժամանակակից սպառազինությամբ եւ ռազմական տեխնիկայով»,- հիշեցրեց նա: