ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՈՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիահայ երեխաներն իրենց ամառային արձակուրդների մի մասը կանցկացնեն Հայաստանի ճամբարներում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 2-ին կայացած կառավարության նիստում հավանության արժանացավ սիրիահայ երեխաների համար Հայաստանում ամառային ճամբարի կազմակերպման նախագիծը:
Լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ երեխաներին ընտրելու է ոչ թե նախարարությունը, այլ սիրիահայ համայնքային կառույցները: «Համայքները որքան երեխա ընտրեն, այնքան երեխա էլ մենք կտեղափոխենք Հայաստան: Կարելի է ասել, որ Դամասկոսի օդանավն արդեն լեցուն է, եւ պատրաստ է երեխաներին Հայաստան տեղափոխելուն, իսկ Հալեպում երեխաների ընտրությունը դեռ շարունակվում է: Մենք մտածում ենք, որ կկարողանանք 300-400 երեխատեղափոխել Հայաստան, եւ նրանց ամառային հանգիտը կազմակերպել»,-նշեց Հակոբյանը: Սիրիահայ երեխաների ամառային հանգիստ նախատեսվում է կազմակերպել երկու շաբաթով` Ծաղկաձորում եւ Հանքավանում: Սփյուռքի նախարարն առաջարկում է նաեւ, որ երեխաները հանգիստն անցկացնեն նաեւ հայ ընտանիքներում, «որպեսզի մեկուսացված չլինեն»: