ԼՂՀ ԱԺ նախագահը շնորհավորել է Բակո Սահակյանին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հուլիսի 21-ին շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին՝ հուլիսի 19-ի նախագահական ընտրություններում Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունից:

Ուղերձում մասնավորապես ասված է. «Մեծարգո Բակո Սահակի, ԼՂՀ Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Արցախի Հանրապետության Նախագահի բարձր պաշտոնում վերընտրվելու առթիվ:Հուլիսի 19-ի համաժողովրդական քվեարկության արդյունքները եւս մեկ անգամ հավաստում են, որ, իբրեւ պետական ու քաղաքական գործիչ, Դուք շարունակում եք վայելել մեր ժողովրդի վստահությունը: Դա արդյունք է այն հաջողությունների, որ նախընթաց շրջանում արձանագրվել են մեր երկրի կյանքի բոլոր ասպարեզներում:

Համոզված եմ, որ առաջիկա հինգ տարիներին Դուք շարունակելու եք կյանքի կոչել այն բոլոր նպատակները, որ առաջադրված են Ձեր նախընտրական ծրագրում` ի շահ Արցախի ժողովրդի բարօրության:

Թույլ տվեք հավաստիացնել, որ Արցախի Հանրապետության օրենսդիր մարմինը, Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերը պատրաստակամ են իրենց աջակցությունը բերել Ձեր ազգանպաստ գործունեությանը»:

Հայերեն English