Թուրքիայի իշխանությունները բարոյական իրավունք չունեն դասեր տալու ԼՂՀ-ին. ՀՀ ԱԳՆ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իր երկրում հայերի Ցեղասպանության իրականացումը ժխտող Թուրքիայի իշխանությունները որևէ բարոյական իրավունք չունեն դասեր տալու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը և Հայաստանի Հանրապետությանը` այն էլ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի որոշումների և ԵԱՀԿ սկզբունքների կեղծմեկնաբանությամբ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, նման հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը` մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղում կայանալիք նախագահական ընտրությունների վերաբերյալ Թուրքիայի արտաքին գերատեսչության հայտարարությունը:
«Նմանատիպ դասեր տալու իր այդքան բուռն ցանկությունը Թուրքիան կարող է
բավարարել` ինքն իրեն հորդորելով ընտրություններ չկազմակերպել և
օկուպացիոն զորքերը դուրս բերել Կիպրոսի հյուսիսային մասից»,- ասել է Քոչարյանը:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նաև նշել է, որ եթե Թուրքիայի կողմից Ադրբեջանի շահերով առաջնորդվելը կեղծ չէ, ապա պատեհ առիթ է, որպեսզի Թուրքիան առաջարկի Ադրբեջանին ժողովրդավարական ընտրություններ կազմակերպել և ժողովրդավարական արժեքների վրա հիմնված պետություն կայացնելու դասեր քաղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից:
Հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կկայանան նախագահական ընտրություններ: