Շոու բիզնես

Խորհրդային մոռացված կինոավանդույթը վերականգնվում է

4 րոպեի ընթերցում

Խորհրդային  մոռացված կինոավանդույթը վերականգնվում է

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական ֆիլմերի թարգմանությունն ընդունված երեւույթ էր խորհրդային տարիներին, մինչդեռ հետ խորհրդային ժամանակահատվածում թարգմանված ֆիլմերի քանակը կարելի է մատների վրա հաշվել:

«Խորհրդային ֆիլմարտադրության 99 տոկոսը թարգմանվում էր մի քանի լեզուներով, հիմնականում յուրաքանչյուր ֆիլմ ուներ նաեւ իր ռուսերեն համարժեքը»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրենԳեւորգ Գեւորգյանը: Նրա խոսքով` հետ հետխորհրդային տարիներին կարելի է հանդիպել ֆիլմի թարգմանության հատ ու կենտ դեպքերի, քանի որ ֆիլմը ոչ թե թարգմանվում եւ ձայնադրվում է ինչպես նախկինում, այլ ուղեկցվում է միայն լուսագրային թարգմանությամբ:

Գեւորգյանի կարծիքով` հայկական ֆիլմերի թարգմանությունը դրական միտում է, քանի որ այն ավելի լայն լսարանի համար է նախատեսվում:

«Դա միանշանակ դրական է ֆիլմի համար նաեւ պրոդյուսերական առումով»,- հավելեց կինոկենտրոնի տնօրենը:

Մինչ այժմ իր տեսակի մեջ եզակի «Սասունցի Դավիթ» անիմացիոն` անգլերեն թարգմանություն ունեցող մուլտֆիլմին, կհաջորդի Արա Երնջակյանի «Հոբելյանական հաճախորդ» ֆիլմը, որի վրացերեն թարգմանությամբ պրեմիերան նախատեսվում է սեպտեմբերին Թբիլիսի կինոթատրոններում:

Թեժ քննարկումների առիթ դարձած այս ֆիլմի պրեմիերան մի քանի հետաձգումներից հետո տեղի է ունեցել մարտի 3-ին` «Մոսկվա» կինոթատրոնում:

Ֆիլմի պահանջարկը Վրաստանում պատահական չէ, քանի գլխավոր դերում հանդես են եկել դերասանուհի Լուիզա Ներսիսյանը եւ ազգությամբ վրացի` հատուկ ֆիլմում նկարահանվելու համար Հայաստան հրավիրված հայտնի դերասան Դավիթ Կատսարավան: Նա նաեւ ֆիլմի վրացական տարբերակի պրոդյուսերն է:

«Այժմ մենք աշխատում ենք ֆիլմի թարգմանության վրա, ձայնադրման ընթացքում Դավիթը կմարմնավորի իր դերը, իսկ Լուիզայինը` վրաց դերասանուհի»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Կամերային թատրոնի դերասան, ֆիլի համառեժիսոր Արշալույս Հարությունյանը: Նրա խոսքով` հենց վրաց հանդիսատեսի բուռն արձագանք է պատճառը` ֆիլի վրացական տարբերակի ստեղծման եւ հայ- վրացական կինոհամագործակցության համար:

«Քանի որ վրացերեն «Հոբելյանական հաճախորդ»- բառակապակցությունը չի թարգմանվում, այն կունենա «Հարյուր հազար վայրկյան» անվանումը»,- պատմեց ռեժիսորը:

Ֆիլմը կներկայացվի նաեւ Կանադայի «Պոմեգրանատ» միջազգային կինոփառատոնին: Մեծ է ֆիլմի հանդեպ հետաքրքրությունը նաեւ ԱՄՆ-ում, եւ բացառված չէ, որ այն առաջիկայում ցուցադրվի նաեւ այլ հեղինակավոր կինոփառատոնների շրջանակներում: Լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը ներկայացված էր նաեւ «Ոսկե ծիրան» երեւանյան 9-րդ միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրի խաղարկային մրցույթին:

«Հոբելյանական հաճախորդ»-ը պատմում է տղամարդու եւ կնոջ դասական կոնֆլիկտի մասին, որը հասնում է աբսուրդային հանգուցալուծման: Ֆիլմը նախատեսված է միայն 16-ից բարձր տարիքի հանդիսատեսի համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում