Մշակույթ

«Անահիտ»-ի արժանացան հայ կինոյի երեք երախտավորները

3 րոպեի ընթերցում

«Անահիտ»-ի արժանացան հայ կինոյի երեք երախտավորները

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայկական ազգային կինոակադեմիա»-ն «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային 9-րդ կինոփառատոնի շրջանակում հուլիսի 12-ին մրցանակներ հանձնեց հայ կինոյի երախտավորներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ակադեմիայի «Անահիտ» մրցանակին արժանացան հայկական կինոլորտի երեք երախտավորներ: Ակադեմիայի ղեկավար, կինոգետ Դավիթ Մուրադյանի խոսքով` որեւէ մեկի համար զարմանալի չէ, որ առաջին «Անահիտ»-ը պետք է տրվեր ՀՀ ժողովրդական արտիստ, հայ անվանի դերասան Սոս Սարգսյանին, սակայն վերջինս առողջական խնդիրների պատճառով չկարողացավ ներկա գտնվել եւ առձեռն ստանալ մրցանակը: «Հուսով ենք այս մրցանակը եւս սպեղանի կդառնա նրա համար: Նա վիթխարի ճանապարհ է անցել, եւ նրա դեմքը վաղուցհայկական կինոյի խորհրդանիշն է դարձել»,- ասաց Դավիթ Մուրադյանը:

Հաջորդ «Անահիտ»-ը տրվեց նկարիչ-կինեմատոգրաֆ, «Նռան գույնը», «Հեղնար աղբյուր», «Տժվժիկ» ֆիլմերի նկարիչ Ստեփան Անդրանիկյանին: «Զարմացած եւ ուրախ եմ, որ ապրեցի մինչեւ այս օրը: Զարմացած եմ եւ հպարտ»,- ասաց 85-ամյա մրցանակակիրը:

Երրորդ «Անահիտ»-ի տերը եւս գտնվեց` Տիգրան Մանսուրյան, ում կինոյի համար երաժշտությունը շարունակում է հիացնել մարդկանց մինչեւ հիմա: Դավիթ Մուրադյանի խոսքով` Մանսուրյանը կոմպոզիտոր-փիլիսոփա է, կոմպոզիտոր-պոետ, ով խոսում է աշխարհի հետ` միշտ պահպանելով հայկական ձեռագիրը: «Նա միշտ իր հոգում ունեցել է ինչպես փոքրիկ իշխանին, այնպես էլ հասուն ծերուկին»,- ասաց կինոգետը: Տիգրան Մանսուրյանն էլ մրցանակը ստանալուց հետո իր հասակակից եւ երիտասարդ ռեժիսորներին մաղթեց, որ իրենք էլ արժանանան այդ գեղեցիկ օրվան:

Կինոակադեմիան զբաղվելու է հիմնականում գիտական, հրատարակչական գործունեությամբ: Այն «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հետ կստեղծի հայ կինոյի պատմության առաջինհանրագիտարանը: Կինոակադեմիայի անդամ կարող են դառնալ կինոյի բնագավառում առնվազն 10 տարվա փորձ ունեցող, որոշակի հաջողությունների հասած կինոգործիչները:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում