4 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի 10-րդ մայրաքաղաք Կարսը, չնայած այն հանգամանքին, որ արդեն շուրջ մեկ դար գտնվում է թուրքերի տիրապետության տակ, միևնույնն է, չի դադարում իր մոտ կանչել հայերին: Կարսի արդեն թուրքական դարձած շենքերի ու փողոցների կողքին զգացվում է հայկականության շունչը:
«Արմենպրես»-ի թղթակիցը շրջագայել է Արեւմտյան Հայաստանում, այցելել պատմական Հայաստանի քաղաքներ ու կիսվել տպավորություններով: «Երբ մեր մեքենան անցնում էր Կարսի փողոցներով, մենք հիվանդագին հետաքրքրությամբ կանգ էին առնում այն տների մոտ, որոնց արտաքին տեսքը հիշեցնում էր Գյումրիի նմանատիպ քարե տները: Հայկական շենքերին նայելիս երկակի տպավորություն ու զգացողություններ էին պատում: Սկզբում ուրախանում էիր, որ երկրում հայի շունչը դեռևս պահպանվում է, բայց հետո հոգիդ ճնշվում էր` տեսնելով թուրքերի ու քրդերի միջավայրում անհայ մնացած հայկական շինությունները:
Առջևում մեզ էր սպասում Կարսի բերդը: Միջնադարում կառուցված բերդն այսօր էլ չէր կորցրել իր անառիկ տեսքը: Պահպանվել էին բերդի զինանոցը, ձիերի համար նախատեսված ախոռները: Բայց բերդի գագաթին ծածանվող թուրքական դրոշը, կողքին Աթաթուրքի նկարը, հրապարակում կանգնեցրած թնդանոթը շարունակ հիշեցնում էին այն մասին, որ երբեմնի հզոր հայկական բերդն այլևս մերը չէ:
Առաջին իսկ հայացքից նողկանք ես ապրում` տեսնելով թուրքական ստոր մտքի հերթական «թռիչքը»: Կրկնակի տհաճ է, երբ ստիպում են մտնել եկեղեցի միայն կոշիկներդ հանելուց և գլխաշոր կրելուց հետո` ճիշտ այնպես, ասես մտնում ես ինչ-որ շարքային մզկիթ: Բայց չնայած եկեղեցու գմբեթին քրիստոնեական խաչի փոխարեն դրված մահիկի` միևնույնն է, եկեղեցու վրա արված առաքյալների պատկերները և խաչերն անձայն աղաղակում էին այն մասին, որ եկեղեցին հայկական է և ոչ մի մահիկ չի կարող այն աղոթարան դարձնել մուսուլմանների համար: Երևի հենց այս փաստի գիտակցումն է պատճառը, որ իրենց բարեպաշտ համարող մուսուլմանները երբեք այստեղ աղոթք չեն անում: Նման պահին չես էլ հասկանում` արդյոք պետք է տխրել, թե ուրախանալ, որ գոնե մզկիթի տեսքով թուրքերը պահպանել են հայկական ճարտարապետության հերթական գլուխգործոցը:
Կարսում հայկականության մյուս վկաները մինչ օրս պահպանված հին հայկական բաղնիքներն էին` թեպետ դրանց կողքին դրված ցուցականակներում ոչ մի խոսք անգամ չէր հիշատակվում հայերի մասին:
Երբ սկսում ես քայլել մերօրյա Կարսով, այնպիսի տպավորություն ես ստանում, որ դու Գյումրիում ես: Եվ միայն ամեն քայլափոխի հնչող թուրքերենը քեզ հիշեցնում է, որ մեր Կարսն այսօր մերը չէ: Այդուհաներձ որքան էլ ներկայիս իրականությունը տարբեր լինի մեր երազածից, միևնույնն է, սեփական արմատներիդ փնտրտուքները մշտապես ստիպում են քեզ վերադառնալ դեպի հետ, դեպի պատմական հայրենիք, դեպի Արևմտյան Հայաստան»:
Ճանապարհորդեց Արաքս Կասյանը