ԱՄՀ-ն Հայաստանին 56,1 մլն ԱՄՆ դոլարի վարկ է տրամադրել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը դեկտեմբերի 12-ի նիստում, ամփոփելով Հայաստանի տնտեսական կատարողականը, որոշել է ՀՀ-ին, մասնավորապես ՀՀ կառավարությանն ու Կենտրոնական բանկին, տրամադրել 56,1 մլն դոլարի վարկային միջոցներ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ԱՄՀ պաշտոնական կայքը, Խորհրդի գործադիր տնօրենի տեղակալ Նեմաթ Շաֆիկն իր գոհունակությունն է հայտնել ՀՀ իշխանություններին` հիմնադրամի ծրագրերի շրջանակներում կայուն քաղաքականության ապահովմանն ուղղված ջանքերի համար, որն էլ, նրա համոզմամբ, նպաստել է գնաճի տեմպերի դանդաղեցմանն ու հետճգնաժամային շրջանի վերականգնմանը: ԱՄՀ-ն համոզմունք է հայտնել, որ կառուցվածքային բարեփոխումները կնպաստեն Հայաստանի տնտեսական աճին, իսկ իրականացվող ընդգրկուն բարեփոխումները պետք է նպատակաուղղված լինեն բիզնես միջավայրի ու մրցունակության բարելավմանը, արտադրության ու արտահանման ծավալների աճին: