Հայ և քուվեյթցի գործարարները խորացնում են համագործակցությունը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քուվեյթի առևտրաարդյունաբերական պալատի և Քուվեյթի արդյունաբերողների միության անդամ Հոսեյն ալ-Խարաֆին հայտարարել է, որ հայաստանյան տնտեսական պատվիրակության այցը այդ երկիր « կխթանի երկու պետությունների միջև նոր ներդրումների խրախուսումը»: Այս մասին «Արմենպրես»-ին է հայտնում Քուվեյթի ազգային գործակալությունը: Ալ- Խարաֆին այս հայտարարությունն արել է Հայաստանի գործարար պատվիրակության հետ հանդիպման ընթացքում: «Հայաստանի Հանրապետությունն ունի ներդրումներ ներգրավելու հստակ սեգմենտներ, տուրիզմի, գյուղատնտեսության և ոսկերչության ոլորտներում»,- նշել է նա: Հայկական գործարար պատվիրակությունը Քուվեյթում է գտնվում Զարգացման հայկական գործակալության ղեկավար Ռոբերտ Հարությունյանի գլխավորությամբ և այդ այցը հաջորդել է Քուվեյթի ֆինանսների նախարար Մուստաֆա ալ- Շամալիի Երևան կատարած այցելությանը: Արաբական այդ երկրի գլխավոր ֆինանսիստը Հայաստանում էր գտնվում հայ-քուվեյթյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով: Հայկական զարգացման գործակալության տնօրեն Ռոբերտ Հարությունյանը հայտարարել է, որ այցելությունը լավ հնարավորություններ կարող է ստեղծել ներդրումների փոխանակման և երկկողմ առևտրաշրջանառության զարգացման առումով: Նա նշել է, որ Հայաստանը պատրաստ է լիարժեք հնարավորություններ ստեղծել քուվեյթյան ներդրումների ողջ ներուժն իրացնելու համար: