Հայաստանը եւ Լիբանանը կամրապնդեն տնտեսական կապերը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի եւ Լիբանանի քաղաքական հարաբերություններն այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, ինչի վկայությունն են ակտիվ շփումները եւ փոխայցելությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Լիբանանի նախագահ, գեներալ Միշել Սուլեյմանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում այս մասին դեկտեմբերի 9-ին հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նա ընդգծեց, որ Լիբանանը Հայաստանի համար հուսալի գործընկեր է ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ առումով: «Ես վերահաստատեցի Հայաստանի պատրաստակամությունը Լիբանանի հետ շարունակելու սերտ համագործակցության զարգացումը քաղաքական, առեւտրա-տնտեսական, մշակութային, կրթական եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մյուս բոլոր ասպարեզներում»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Նախագահ Սարգսյանն ընդգծեց, որ այդ համագործակցության զարգացմանը նպաստում են բազմաթիվ ոլորտներում երկու երկրների միջեւ ստորագրված շուրջ երեք տասնյակ փաստաթղթեր: «Այսօր այդ ցանկը համալրվեց եւս 7 փաստաթղթերով, որոնց մեջ էական տեղ են զբաղեցնում տնտեսական համագործակցությունը կարգավորող պայհմանագրերը»,- ասաց Սերժ Սարգսյանը` գոհունակությամբ նշելով ներդրումների առնչությամբ վերջին շրջանում գրանցված առաջընթացը: Լիբանանն այսօր Հայաստանում 5-րդ ներդրողն է:
ՀՀ Նախագահը նշեց, որ կողմերը դեռեւս հեռու են բավարարող ցուցանիշներից, ուստի հատկապես կարեւոր է երկկողմ առեւտրի եւ ներդրումների խթանումը, երկու երկրների բիզնես շրջանակների միջեւ առավել սերտ կապերի հաստատումը, ինչին կարող է նպաստել այս տարվա մայիսին ստեղծված Լիբանան-Հայաստան բարեկամության ասոցիացիան:
Լիբանանի նախագահն էլ կարեւորեց երկու երկրների միջեւ առկա համաձայնությունները կյանքի կոչելու մեխանիզմների օգտագործումը:
Երկու նախագահների ներկայությամբ դեկտեմբերի 9-ին ստորագրվեցին զբոսաշրջության, տնտեսության, արդյունաբերության, սպորտի եւ այլ ոլորտներում համագործակցությանն ուղղված յոթ փաստաթղթեր: