Տնտեսություն

Հայ-վրացական նոր համագործակցություն` գյուղատնտեսության ոլորտում

2 րոպեի ընթերցում

Հայ-վրացական նոր համագործակցություն` գյուղատնտեսության ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի եւ «Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանի միջեւ «Հայաստանի եւ Վրաստանի սահմանամերձ շրջաններում գյուղատնտեսական կենդանիների առողջության կառավարում» ծրագրի շրջանակներում դեկտեմբերի 9-ին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունից, վերոնշյալ ծրագիրն իրականացվում է Ավստրիայի Զարգացման եւ Համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ:

2005 թվականից «Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամը (CARD) լուրջ գործունեություն է ծավալել գյուղատնտեսության ոլորտում' հատկապես անասնապահության ճյուղում: Այս համագործակցությամբ լուրջ աշխատանք կտարվի պետություն – մասնավոր հատված կապի ամրապնդման առումով:

«Ծրագրի իրականացման ընթացքում սերտ համագործակցություն կձեւավորվի երկու բարեկամ երկրների' Հայաստանի եւ Վրաստանի գյուղատնտեսության նախարարությունների միջեւ»,- նշել է Կարապետյանը:

Ծրագրի նպատակն է անասնաբուժական ծառայությունների կարողությունների ուժեղացման միջոցով աջակցել Հայաստանի հյուսիսային (Շիրակի, Լոռու մարզեր) եւ Վրաստանի հարավային (Սամցխե - Ջավախեթի, Քվեմո – Քարթլի շրջաններ) շրջանների գյուղացիական տնտեսություններին կենդանիների առողջության բարելավման, կենդանիների հիվանդությունների կանխարգելման եւ պահվածքի արդյունավետության բարձրացման գործում:

Հրավիրված եւ տեղի բարձրակարգ մասնագետների միջոցով կվերապատրաստվեն շուրջ 60 անասնաբույժներ, որոնք իրենց հերթին խորհրդատվական եւ անանաբուժական ծառայություններ կմատուցեն գյուղացիական տնտեսություներին:

Ծրագրի իրականացման ընթացքում կկազմակերպվեն Հայաստանի եւ Վրաստանի անասնաբույժների համատեղ խորհրդակցություններ եւ դասընթացներ, ինչպես նաեւ երկու երկրների պետական, հասարակական եւ մասնավոր հատվածների մասնակցությամբ կոնֆերանսներ' բնագավառի խնդիրների քննարկման եւ լուծումների առաջարկման նպատակով:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում