Ն. Գրիգորյան. «4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժն ատոմակայան վնասել չի կարող»
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեկ տեղի ունեցած երկրաշարժը որեւէ կերպ չի վնասել Մեծամորի ատոմակայանը. վերջինիս աշխատանքը ներկայում ընթանում է բնականոն հունով: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի ԱԻՆ փրկարարական ծառայության պետի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը, 4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժը որեւէ կերպ չի կարող վնասել ոչ միայն ատոմակայանը, այլեւ որեւէ բարձրահարկ շինություն:
Նշենք, որ թուրքական լրատվամիջոցներն այսօր լուրեր են տարածել, թե Վանում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով վնասվել է Հայաստանի ատոմակայանը: Թուրքիայի ատոմային էներգիայի կազմակերպությունը պնդել է նաեւ, թե անգամ ատոմակայանում արտահոսք է տեղի ունեցել: