Փաստ մեկնաբանությամբ

Է.Շարմազանով. «Միջազգային հանրությունն աջակցում է Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացներին»

4 րոպեի ընթերցում

Է.Շարմազանով.  «Միջազգային հանրությունն աջակցում է Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացներին»

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային հանրությունն աջակցում եւ բարձր է գնահատում Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացները, եւ պատահական չէ, որ դրա մասին նույնիսկ խոսում է արտախորհրդարանական ընդդիմության առաջնորդը: Այսօր Ազգային ժողովում նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը' անդրադառնալով ՀՀ նախագահի' ԱՄՆ, Ֆրանսիա եւ Լեհաստան կատարած այցերին:

Անդրադառնալով ՀՀ նախագահի' ՄԱԿ-ում ունեցած ելույթին' Է.Շարմազանովը նշեց, որ այդ ելույթը հստակ ազդակներ ուղղեց միջազգային հանրությանը, այդ թվում' առ այն, որ Հայաստանում ժողովրդավարական ազատություններն այլընտրանք չունեն:

«Աշխարհում շարունակվում է ինքնորոշման իրավունքի հաղթարշավը: Զուգահեռներ անցկանցելը Հարավային Սուդանի հետ ցույց է տալիս, որ անխուսափելի է Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը»,- որպես երկրորդ ազդակ նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավորը' հավելելով, որ Ադրբեջանը շարունակում է ռասիզմի եւ պատերազմի քարոզչությունը: Հաջորդ ազդակը, ըստ Է.Շարմազանովի, այն է, որ հայ-թուրքական գործընթացի վիժեցման մեղավորը եւ պատասխանատուն թուրքական կողմն է:

«Ելույթը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ մեր դիրքորոշումները համահունչ են միջազգային հանրության դիրքորոշման հետ»,- շեշտեց ՀՀԿ խմբակցության քարտուղարը:

Նախագահի Ֆրանսիա կատարած այցից Է.Շարմազանովը կարեւորեց փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի քննարկումը եւ Ֆրանսիայի նախագահի կողմից Հայաստանում իրականացվող բարեփոխումների նկատմամբ տրված դրական գնահատականը:

Արեւելյան գործընկերության գագաթնաժողովում Սերժ Սարգսյանի ելույթից Է.Շարմազանովը մասնավորապես առանձնացրեց այն, որ Հայաստանն աջակցում է Եվրոպական հարեւանության քաղաքականության «ավելի շատ աջակցություն' ավելի շատ բարեփոխումների դիմաց» սկզբունքին եւ կարեւորեց տարբերակված մոտեցումը:

Նախագահի ելույթից Է.Շարմազանովը կարեւորեց նաեւ այն հատվածները, որոնք նվիրված էին Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: «Հստակորեն նշվեց, որ Հայաստանը հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների միջնորդությամբ ընթացող գործընթացին: Իսկ խնդրի լուծման բանալին ժողովրդի կողմից սեփական ճակատագրի ինքնուրույն տնօրինման մեջ է: Արցախի բնակիչները նույնքան եվրոպացի են, որքան մեզանից յուրաքանչյուրը: Այսինքն' Արցախը ոչ միայն տարածք է, այլ առաջին հերթին մարդիկ, որոնք կառուցում են պետություն' խարսխված ժողովրդավարության սկզբունքների վրա»,- ասաց պատգամավորը:

Նա նաեւ ընդգծեց, որ Վարշավայի ամփոփիչ հռչակագիրը համահունչ է հայկական կողմի դիրքորոշումների հետ, որտեղ նշվում էր, որ հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ պայմաններում' միջազգային իրավունքի հիման վրա:

«Այսպիսով, հարկ եմ համարում նշել, որ Հայաստանի իշխանությունները վճռական են շարունակելու բարեփոխումների կուրսը եւ իրականացնելու քաղաքականություն, որը բխում է մեր երկրի ազգային եւ պետական շահերից»,- շեշտեց Է.Շարմազանովը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում