Փաստ մեկնաբանությամբ

Ա. Բաղդասարյան. «Կազմակերպված հանցավորությունն աճի միտում ունի ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ` Հայաստանում»

2 րոպեի ընթերցում

Ա. Բաղդասարյան. «Կազմակերպված հանցավորությունն աճի միտում ունի ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ` Հայաստանում»

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ծրագրի մշակման միջգերատեսչական հանձնախմբի նիստում այսօր քննարկվեց ու հավանության արժանացավ «Հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ծրագիրը»:

Ինչպես նշեց ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, կազմակերպված հանցավորության դեմ պայքարը Հայաստանի համար ոչ միայն հանրային գերակայություն է, այլ նաեւ ամրագրված է Ազգային անվտանգության ռազմավարության մեջ:

Ա. Բաղդասարյանի խոսքով' հանցավորության դեմ պայքարը ներառված է ՀՀ միջազգային պարտավորությունների, մասնավորապես երեք' Հայաստան-Եվրոպական միություն, Հայաստան-ՆԱՏՕ եւ Հայաստան-Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միջազգային մանդատների շրջանակներում, մեր երկիրը ստանձնել է մշակելու Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ազգային ռազմավարությունը, ինչը կարեւոր դեր կունենա արդյունավետ պայքարի համար:

Խորհրդի քարտուղարը, անդրադառնալով վերջին շրջանում ՀՀ-ում նկատվող կազմավորված հանցավոր խմբերի գործունեության աճին, մասնավորապես, Երեւան քաղաքում լայնածավալ գործողություններ իրականացրած հանցավոր խմբի ավազակային գործունեությանը, կարեւորեց ՀՀ ոստիկանության ջանքերը' ուղղված խմբավորման վնասազերծմանը: «Կազմակերպված հանցավորությունն աճի միտում ունի ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում: Պետք է կարողանանք արդյունավետ պայքարի ճիշտ գործիքներ կիրառել»,- նշեց Ա. Բաղդասարյանը' հավելելով, որ այս փաստաթղթի ընդունումը կարեւոր նշանակություն ունի, որին պետք է հաջորդեն անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ, ենթաօրենսդրական ակտեր ու ֆինանսական միջոցների հատկացումը' այս չարիքի դեմ պայքարը մեր երկրի կողմից համակարգված դարձնելու համար: Սահմանված կարգով Անվտանգության խորհրդի հավանությանն արժանանացած «Հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ծրագիրը» համապատասխան օրենսդրական ակտով կներկայացվի ՀՀ նախագահին:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում