ԱՊՊԱ համակարգի վերաբերյալ լսումներ` ԱԺ-ում
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն այսօր հրավիրել էր լսումներ ԱՊՊԱ համակարգի ներդրման գործընթացի վերաբերյալ:
Ինչպես նշեց հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, ցանկացած օրենսդրական փոփոխության արդյունք տեսանելի է դառնում միայն ժամանակի ընթացքում: «Այս բնագավառում գործընթացները կայունանում են երեք տարվա ընթացքում»,- նշեց Գ.Մինասյանը: Նրա խոսքով' մենք պետք է ձգտենք չկրկնել հարեւան երկրներից մեկի օրինակը, որտեղ այս համակարգն այդպես էլ չկայունացավ, եւ երկրորդ անգամ նույն համակարգի ներդրումը բավականին դժվարին եւ ցավոտ գործընթաց է լինելու:
Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանի խոսքով' համակարգի ներդրման շուրջ հասարակության մեջ արհեստականորեն խրախուսված լարվածությունը հիմա նկատելիորեն նվազել է:
Վ.Ավետիսյանը ներկայացրեց այս տարվա առաջին ութ ամիսների ԱՊՊԱ ոլորտի վիճակագրությունը: Ըստ այդմ' 2011թ-ի օգոստոսի 31-ի դրությամբ ապահովագրված ավտոտրանսպորտային միջոցների թիվը 373 022 է, ԱՊՊԱ ապահովագրավճարները' 13 մլրդ 168 մլն 894 հազար դրամ, հատուցում ստանալու համար ներկայացված դիմումների քանակը' 15 013, որոնցից բավարարված դիմումների քանակը' 13 844, մերժված դիմումներինը' 89, հատուցումից հրաժարվելու դիմումների թիվը' 390, իսկ բավարարված հատուցումների մեծությունը' 2 մլրդ 838 մլն 558 հազար:
Քննարկումներին ներկա էին նաեւ շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Լսումները շարունակվելու են: