Տնտեսություն

Մեկնարկեց «Կոմպյուտերային գիտություն եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաներ` CSIT-2011» գիտաժողովը

2 րոպեի ընթերցում

Մեկնարկեց «Կոմպյուտերային գիտություն եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաներ` CSIT-2011»  գիտաժողովը

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայում այսօր մեկնարկեց «Կոմպյուտերային գիտություն եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաներ' CSIT-2011» 8-րդ միջազգային գիտաժողովը: ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, կարեւորելով գիտաժողովի նշանակությունը, նկատեց, որ այն իր հետ բերում է նոր մոտեցումներ, նոր արդյունքներ, եւ բարի երթ մաղթեց գիտաժողովին: Վերջինիս նպատակը, ինչպես իր խոսքում նշեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սամվել Շուքուրյանը, կոմպյուտերային գիտության զարգացումն ու տեղեկատվական տեխնոլոգիաների ասպարեզում փորձագետների միջեւ գիտական եւ տեխնոլոգիական տեղեկատվության փոխանակումը քաջալերելն է:

Ս. Շուքուրյանի խոսքով' Հայաստանում կիրառական ոլորտի զարգացմանը նպաստող գործոն է բազային կրթությունը: Արտաքին գիտական աշխարհում հայ մասնագետներն իրենց տեղն ունեն: Ըստ գիտնականի' կա որոշակի հետաքրքրություն, որովհետեւ բավական թվով մարդիկ եկել են արտասահմանից, մեր երկիրը համատեղ գիտական հետազոտություններ ունի: «Որոշակի հաջողություններ մենք, իհարկե, ունենք: Պետք է ավելի ուշադիր լինել երիտասարդ կադրերի պատրաստման գործում: Այս ուղղությամբ պետք է անհրաժեշտ քայլեր անել»,-ասաց Ս. Շուքուրյանը' նկատելով, որ հասարակություն-գիտություն-պետություն կապը պետք է միշտ լինի:

«CSIT-2011» միջազգային գիտաժողովը կազմակերպվում է երկու տարին մեկ պարբերականությամբ: Գիտաժողովին մասնակցում են մոտ 150 գիտնականներ Հայաստանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Բուլղարիայից, Հունգարիայից, Կանադայից, Բելգիայից, Վրաստանից, Թայվանից, Գերմանիայից, Ուկրաինայից, Իրանից եւ Լատվիայից:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում