Բրիտանական «Լլոյդս» ապահովագրական կորպորացիան առաջին կիսամյակում ավելի քան 1 միլիարդ դոլարի վնասներ է կրել
2 րոպեի ընթերցում

ԼՈՆԴՈՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական «Լլոյդս» ապահովագրական կորպորացիան հայտարարել է, որ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում 697 մլն ֆունտ ստեռլինգի (1,095 մլրդ դոլար) չափով վնասներ է կրել: Դրանք ամենախոշոր կորուստներն են, որ ապահովագրորդների բրիտանական միավորումը երբեւիցե կրել է վեցամսյա ժամանակահատվածում:
Պատճառը բազմաթիվ տարերային աղետներն են, որոնք վերջին ամիսներին ցնցեցին աշխարհը: Այսպես, սպասվում է, որ մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի ու ցունամիի հետեւանքով տուժածներին «Լլոյդս»-ի ապահովագրական վճարները կհասնեն 1,89 մլրդ դոլարի: Բրիտանացի ապահովագրորդների համար առավել մեծ կորուստների պատճառ դարձած իրադարձությունների ցուցակում Ճապոնիայում տեղի ունեցած բնական աղետը չորրորդ տեղն է զբաղեցնում, իսկ իր 323-ամյա պատմության ընթացքում ամենամեծ կորուստները «Լլոյդս»-ը կրել է «Կատրինա» փոթորկի հետեւանքով. այն ժամանակ փոխհատուցումների ընդհանուր գումարը կազմել է 4,3 մլրդ դոլար:
Կորպորացիայի ֆինանսական հաշվետվության վրա բացասաբար են անդրադարձել Ավստրալիայի ջրհեղեղները (կանխատեսվող վճարումները հասնում են 200 մլն ֆունտի), փետրվարին Նոր Զելանդիայի Կրայստչերչում տեղի ունեցած երկրաշարժը (կանխատեսվող վճարումները' 860 մլն ֆունտ), ինչպես նաեւ ԱՄՆ-ում մոլեգնած փոթորիկները:
Անցյալ տարի «Լլոյդս»-ը 628 մլն ֆունտ ստեռլինգի (987 մլն դոլար) շահույթ է արձանագրել: