Տնտեսություն

Տ. Սարգսյան. «Մեզ համար գերակայությունը լինելու է սոցիալական ծրագրերի պահպանումը»

5 րոպեի ընթերցում

Տ. Սարգսյան. «Մեզ համար գերակայությունը լինելու է սոցիալական ծրագրերի պահպանումը»

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեզ համար գերակայությունը լինելու է սոցիալական ծրագրերի պահպանումը եւ սոցիալական պարտավորությունների' հարյուր տոկոսով իրականացումը: Այսօր Ազգային ժողովում, պատասխանելով պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի այն հարցին, թե ինչպիսի քայլեր է ձեռնարկում կառավարությունը համաշխարհային տնտեսական ճգնաժամի հնարավոր երկրորդ փուլը հաղթահարելու ուղղությամբ, նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը' հավելելով, որ դա հնարավորթյուն կտա մեղմել համաշխարհային ճգնաժամի բացասական ազդեցությունը մեր տնտեսության վրա:

«Այդ հարցը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում, եւ մենք այն քննարկում ենք Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի հետ»,- նշեց Տ .Սարգսյանը' տեղեկացնելով, որ այս օրերին Հայաստանում են գտնվում ՀԲ-ի տարածաշրջանային տնօրենը, ինչպես նաեւ ԱՄՀ-ի պատվիրակությունը, որոնց հետ քննարկվում են ճգնաժամի նոր հնարավոր ալիքի կանխման ծրագրերը:

«Ամեն տարի, երբ մենք ներկայացնում ենք ԱԺ-ի քննարկմանը պետական բյուջեն, այն պարունակում է հատված, որը նկարագրում է միջազգային միտումները, միջազգային իրավիճակը եւ այն միջավայրը, որում գործելու է ՀՀ տնտեսությունը»,- հիշեցրեց վարչապետը' նշելով, որ այդ փաստաթղթի հիմքում ընկած են այն պաշտոնական փաստաթղթերը, որոնք տրամադրվում են ԱՄՀ-ի եւ ՀԲ-ի կողմից' նրանց կանխատեսումները համաշխարհային տնտեսության զարգացման, այդ թվում' զարգացած եւ զարգացող երկրների միջավայրի մասին: Բացառություն չեն եղել նաեւ 2008-2010 թվականները:

«Մտահոգությունները, որ այսօր հնչեցվում են առաջատար մասնագետների կողմից, կայանում են նրանում, որ միջավայրը ֆինանսական շուկաներում վատթարանում է, եւ դա կարող է ունենալ երկարաժամկետ բնույթ»,- ասաց Տ. Սարգսյանը:

Եռամսյակը մեկ ԱՄՀ-ն հրապարակում է իր կանխատեսումները եւ դրանց մեջ կատարում փոփոխություններ: «Մենք նկատում ենք, որ այս տարվա ընթացքում, ըստ եռամսյակների, այդ կանխատեսումները փոխվում են ավելի հոռետեսական միտումներով եւ գնահատականներով, չնայած որ դեռեւս այդ պնդումները միանշանակ չեն այն առումով, որ քննարկվում են համաշխարհային տնտեսության զարգացման մի քանի սցենարներ»,- հավելեց վարչապետը' ընդգծելով, որ այս պարագայում կառավարության խնդիրն է գնահատել վատագույն սցենարի ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա:

Վարչապետը խոստացավ, որ երբ ԱԺ-ին ներկայացվի պետբյուջեի նախագիծը, կներկայացվեն նաեւ այդ ռիսկային սցենարները եւ ամեն սցենարի դեպքում համապատասխան անելիքները:

«Առաջին հերթին մենք վտանգը տեսնում ենք արտաքին հատվածից: Դա կարող է կապված լինել կապիտալ ներհոսքի եւ մասնավոր տրանսֆերտների կրճատման հետ»,- նշեց Տ.Սարգսյանը' դա պայմանավորելով մեր երկրի տնտեսության վրա ազդեցություն ունեցող գործընկեր երկրների տնտեսություններում կատարվելիք փոփոխություններով: Առաջին հերթին խոսքը հանքահումքային ապրանքների գների մասին է: Ըստ վարչապետի' եթե նավթի, գազի գները տատանվեն, ապա դա իր ազդեցությունը կթողնի Ռուսաստանի տնտեսության վրա, եւ դա կարձանագրվի տրանսֆերտների եւ կապիտալ ներդրումների կրճատման մեջ: «Դա առաջին եւ կարեւորագույն ռիսկն է, որը մեր ուշադրության կենտրոնում պետք է լինի»,- շեշտեց Տ.Սարգսյանը:

Նախորդ ճգնաժամը ՀՀ-ին հարվածեց ոչ թե ֆինանսական, այլ իրական հատվածով, մասնավորապես շինարարության ոլորտում, որի տեսակարար կշիռը ՀՆԱ-ում հասել էր մինչեւ 28 տոկոս, իսկ այսօր իջել է մինչեւ 14 տոկոս: «Մեզ համար գերակա խնդիրը տնտեսության դիվերսիֆիկացիայի ապահովումն է, որպեսզի մեկ ճյուղից կախվածությունը հասցնենք մինիմումի»,- վերահաստատեց կառավարության ղեկավարը:

Որպես ճգնաժամի նոր ալիքից խուսափելու միջոց, վարչապետը մատնանշեց ֆինանսական պաշարների կուտակման ուղղությունը, ինչը պետք է հնարավորություն կտա տարբեր բացասական սցենարների դեպքում իրականացնել ծախսեր անկախ նրանից, թե ինչպիսի փոփոխություններ են լինում տնտեսության հարկային բազայում: «Չորրորդը մակրոտնտեսական կայունության ապահովման մեր միջոցառումներն են' հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականությունների կոորդինացումը, որոնք նույնպես հնարավորթյուն կտան զսպել որոշակի ռիսկեր»,- ընդգծեց Տ.Սարգսյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում