Փաստ մեկնաբանությամբ

Հայոց ցեղասպանության վերաբերյալ հոլանդացի խորհրդարանականների հարցումը ԱԳ նախարարին դեռ անպատասխան է

4 րոպեի ընթերցում

Հայոց ցեղասպանության վերաբերյալ հոլանդացի խորհրդարանականների հարցումը ԱԳ նախարարին դեռ անպատասխան է

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդների Թագավորության խորհրդարանական կուսակցությունները Հայոց ցեղասպանության վերաբերյալ օգոստոսի 31-ին գրավոր հարցում էին ուղարկել երկրի արտաքին գործերի նախարար Ուրի Ռոզենտալին: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր «Արմենպրես»-ը, այդ կուսակցություններն են' «Քրիստոնեական միություն»-ը, «Սոցիալիստական կուսակցություն»-ը, «Ռեֆորմիստական կուսակցություն»-ը եւ «Հանուն ազատության» կուսակցությունը: Խնդիրն այն է, որ Նիդերլանդների ԱԳ նախարար Ու.Ռոզենտալն, անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը, ասել էր «1915թ-ի սարսափելի իրադարձություններ» արտահայտությունը' չօգտագործելով «ցեղասպանություն» բառը:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Եվրոպայի հայ դատի հանձնախմբի հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Վարդենի Էքոն, խորհրդարանականների ուղղած նամակին դեռեւս պատասխան չի ստացվել:

«Դեռեւս պատասխան չի ստացվել: Այս գործընթացը կարող է տեւել մի քանի շաբաթներ կամ ամիսներ»,- նշեց նա:

Նշենք, որ հոլանդացի քաղաքական գործիչները, ինչպես նաեւ հոլանդական լրատվամիջոցները շարունակաբար չեն խուսափել օգտագործել «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը. այն նաեւ օգտագործվել է Նիդերլանդների նախկին ԱԳ նախարար, ներկայիս փոխվարչապետ Մաքսիմ Վերհագենի կողմից: Խորհրդարանականներին հետաքրքրում է' արդյոք հոլանդական կառավարությունը տուրք է տվել թուրքական ճնշումներին եւ փոխել է իր դիրքորոշումը:

Նշված կուսակցությունների ներկայացուցիչներ Վան Բոմելը, Վան դեր Ստային, Վան Ռունը եւ Վան Վուդերվինդը պահանջել են ԱԳ նախարարից բացատրել, թե ինչու վերջինս չի օգտագործում «ցեղասպանությունը» բառը, ինչպես բնորոշված է Ցեղասպանության մասին կոնվենցիայով, այլ փոխարենն ասում է «սարսափելի իրադարձություններ»:

Կուսակցությունների ներկայցուցիչները հիշեցրել են, որ երկրի խորհրդարանը միաձայն որոշում է ընդունել, որով «կառավարությունը Թուրքիայի' ԵՄ-ին հնարավոր անդամակցության բանակցությունների համտեքստում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը օրակարգում ընդգրկի»: Նրանք հարցրել են նախարարին' արդյոք փոփոխություն է կատարվել որդեգրված քաղաքականության մեջ, եւ եթե այո, ապա որոնք են պատճառները:

Նրանք նաեւ հարց են ուղղել, թե արդյոք Ու.Ռոզենտալը ցանկանում է ուսումնասիրել Հաագայից դուրս Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի կառուցման հարցը:

Նախարար Ռոզենտելը գրել էր, որ կառավարությունը չի պաշտպանում Միջազգային քրեական դատարանի մոտ նման հուշարձանի կառուցման գաղափարը:

«De Volkskrant» հայտնի թերթում հարապարակված պատասխան հոդվածում Քրիստոնեկան միության կուսակցության ներկայացուցիչներ Դեյքեն, Վորդեժվինդը եւ Սեգերսը սուր քննադատության են ենթարկել նախարարի նամակը եւ կոչ արել համարձակություն դրսեւորել:

Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիան(FAON) ողջունել է խորհրդարանականների քննադատական արձագանքը, եւ հիասթափություն հայտնել նախարարի դիրքորոշման առնչությամբ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում