Փաստ մեկնաբանությամբ

Ռ. Մելքոնյան. «Հայաստանը բազմիցս ապացուցել է, որ պատրաստ է նպաստել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»

2 րոպեի ընթերցում

Ռ. Մելքոնյան. «Հայաստանը բազմիցս ապացուցել է, որ պատրաստ է նպաստել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը բազմիցս ապացուցել է, որ պատրաստ է նպաստել տարածաշրջանի խաղաղության կարգավորմանն ու հաստատմանը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը' անդրադառնալով Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած այն հայտարարությանը, թե «երբ տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված փնտրտուքները թափ են հավաքում, Սերժ Սարգսյանի հայտարարությունները վկայում են այն մասին, որ նա խաղաղության համար աշխատելու նպատակ չունի»:

«Սա բացարձակապես իրականությանը չի համապատասխանում: Հայաստանը միշտ էլ պատրաստակամ է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Թուրքիան իր քաղաքականությամբ բազմիցս ցույց է տվել հակառակը, եւ դրա խոշոր վկայությունը հայ-թուրքական արձանագրությունների տապալումն է»,-ասաց Ռ. Մելքոնյանը:

Նա նշեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում հայագիտական առարկաների համահայկական օլիմպիադայի մասնակիցների հարցերին պատասխանելիս իր ելույթում բավական գրագետ եւ կոռեկտ գնահատականներ է տվել: Ըստ նրա' ինչ վերաբերում է Թուրքիայի արձագանքին, ապա դա բնական է, քանի որ ՀՀ նախագահն իր հայտարարությամբ «կպել էր նրանց համար ամենահիվանդագին կետերից մեկին»:

Թուրքագետն ընդգծեց, որ Թուրքիան ընդհանրապես իրավունք չունի նման հայտարարություններ անելու, քանի որ իր ամբողջ կրթական համակարգը ողողված է այլ պետությունների, այլ ազգերի դեմ թշնամանքի հրահրումներով: «Եթե թերթենք թուրքական դասագրքերը, ապա կտեսնենք, որ այնտեղ որպես ոխերիմ թշնամիներ ներկայացված են հայերը, հույները: Այսինքն' նրանք պետականորեն քարոզում են թշնամանք: Ուստի այդ պայմաններում կանգնել եւ ժողովրդավարության դասեր տալ'թուրքերին ոչ միայն չի հաջողվում, այլեւ նրանց կերպարին որեւէ ձեւով համապատասխան չէ»,-ասաց Ռ. Մելքոնյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում