Փաստ մեկնաբանությամբ

Ադրբեջանի փոխարտգործնախարարի հարցազրույցը` մադրիդյան առաջարկություններից ձերբազատվելու ադրբեջանական մոլուցքի տրամաբանական շարունակություն

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանի փոխարտգործնախարարի հարցազրույցը` մադրիդյան առաջարկություններից ձերբազատվելու ադրբեջանական մոլուցքի տրամաբանական շարունակություն

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ադրբեջանի փոխարտգործնախարարի վերջին գոհարը' «Эхо Москвы» ռադիոկայանին տված հարցազրույցը, կազանյան հանդիպումից ի վեր ադրբեջանական իշխանությունների' ամեն գնով մադրիդյան առաջարկություններից ձերբազատվելու մոլուցքի տրամաբանական շարունակությունն են»- մեկնաբանելով Արազ Ազիմովի հայտարարությունները' ասաց ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը:

Նրա խոսքով' հատկանշական է, որ Ազիմովի հայտարարությունները' ադրբեջանական «մաքսիմալ զիջումների», ՀՀ տարածքում ռուսական ռազմաբազայի տեղակայման' որպես Ադրբեջանի համար հնարավոր սպառնալիքի, ինչպես նաեւ ռուսաստանյան միջնորդությունից դժգոհ լինելու մասին, երեւան են գալիս բանակցություններում առաջընթաց արձանագրելու Ռուսաստանի ակտիվ ջանքերի, իր անմիջական ղեկավարի' Մոսկվա կատարած այցելության, եւ մյուս համանախագահների' Ռուսաստանի ջանքերը լիովին սատարելու մասին հավաստումների ֆոնի վրա, ինչը մերկացնում է ադրբեջանական կողմի իրական ցանկությունները:

«Այս առումով նաեւ հիշարժան է 13- ամյա աղջնակի պատմությունը, որը այնքան էժանագին սադրանք է, որին անդրադառնալով' նույնիսկ ՌԴ ԱԳ նախարարը իր ադրբեջանցի գործընկերոջ հուզախառն լացուկոծից հետո ասաց, որ որակումներ տալ կարելի է միայն համապատասխան քննությունից եւ դատարանի որոշումից հետո, ինչը, մեղմ ասած, նշանակում է' ձեններդ կտրեք, նստեք տեղներդ, հիմարություններով մի զբաղվեք: Իսկ այդ աղջնակի մահվան հետ կապված, եթե նման բան իրոք կա, ապա կարծում եմ' տեղի է ունեցել հետեւյալը, ինչը, ցավոք սրտի, հաճախ է պատահում հակամարտության գոտիներում: Երեխաները խաղալիս ական կամ նռնակ են գտել, բերել տուն, եւ անզգուշության հետեւանքով այն պայթել է, ինչն էլ ողբերգության պատճառ է դարձել: Պնդել, թե ռումբը փափուկ խաղաղալիքի (թրջվող նյութի) մեջ մի քանի կիլոմետր ջրով ճանապարհ է կտրել, ոչ մի բանի չի դիպել, պահպանել է իր հատկությունները, ապա տանը միայն պայթել, առնվազն տխմարություն է, ինչը, սակայն, բնորոշ է ադրբեջանական քարոզչությանը»,- նշեց Հովհաննես Սահակյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում