Փաստ մեկնաբանությամբ

ԼՂՀ տարածքում ադրբեջանցի ռազմագերի չկա

2 րոպեի ընթերցում

ԼՂՀ տարածքում ադրբեջանցի ռազմագերի չկա

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռազմագերիների, անհայտ կորածների եւ պատանդների հարցերով Ադրբեջանի պետական հանձնաժողովն այսօր հրապարակել է իր հերթական հաշվետվությունը, որում նշվում է, որ անհայտ կորած է համարվում Ադրբեջանի 4043 քաղաքացի, իսկ գերությունից ազատվել է 1400 ադրբեջանցի։ Հաշվետվությունում նշվում է նաեւ, թե պարզվել է' անհայտ կորած համարվող Ադրբեջանի 13 քաղաքացիներ գերեվարվել են Հայաստանի զինված ուժերի կողմից եւ պահվում են «Ադրբեջանի օկուպացված տարածքներում»։

«Վերջին ադրբեջանցի զինվորին մենք հանձնել ենք իրենց, եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում որեւէ ռազմագերի չկա»,- անդրադառնալով վերոնշյալ հաշվետվությանը' «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ԼՂՀ Ռազմագերիների, պատադների եւ անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանը' ավելացնելով, որ ղարաբաղյան կողմը երբեք չի թաքցրել գերիների առակայությունը: «Եթե նույնիսկ որեւէ ադրբեջանցի պատահաբար հատել է սահմանը եւ գերի ընկել, ապա մենք այդ մասին տեղյակ ենք պահում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակին, ԵԱՀԿ-ին, որոնք էլ այցելում են գերներին եւ պահպանում նամակագրական կապը, ինչը նաեւ նախատեսված է Ժնեւյան կոնվենցիայով»,- հավելեց նա:

Գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովին առընթեր աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանն էլ «Արմենպրես»-ի հետ զրույցում շեշտեց, որ ադրբեջանցիներն իրենք չեն կարողանում հաճախ կողմնորոշվել սեփական թվերի մեջ. այսօր մի թիվ են ասում, նախորդ հաշվետվության ժամանակ' լրիվ ուրիշ: Նա նաեւ նշեց, որ ներկա դրությամբ Հայաստանում գտնվում է մեկ ադրբեջանցի գերի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում