Փաստ մեկնաբանությամբ

Դիլիջանը բարգավաճում է` որպես տուրիստական քաղաք

2 րոպեի ընթերցում

Դիլիջանը բարգավաճում է` որպես տուրիստական քաղաք

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դիլիջանը բարգավաճում է' որպես տուրիստական քաղաք. 2009 եւ 2010 թ.թ. տուրիստների հոսքի աճ է գրանցվել, շարունակվել են ներդրումները քաղաքում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը' նշելով, որ այդ ցուցանիշի շարունակական բարձրացում է ակնկալում նաեւ այս տարի: Նրա խոսքով' Դիլիջանում իրենց հանգիստը կազմակերպել նախընտրում են ինչպես հայաստանցիները, մասնավորապես' մայրաքաղաքի բնակիչները, այնպես էլ սփյուռքահայերն ու որոշակի թվով արտասահմանցիներ' եվրոպական երկրներից եւ ԱՄՆ-ից: «Կարծում եմ' մեր քաղաքն ամենաբարենպաստ կլիմայական պայմաններով շրջաններից մեկն է Հայաստանում, բացի այդ էլ, ռելիեֆի տեսանկյունից այն փոքր չէ եւ փռված է»,-նկատեց նա' փաստելով, որ ներկայում քաղաքում գործում են 3 տասնյակից ավելի հանգստյան տներ, մի քանի տասնյակ սեփական տներ էլ բնակիչները վարձով են տրամադրում հանգստանալ ցանկացողներին: Ընդհանուր առմամբ բոլոր կոմունալ հարմարություններով կացարանների մահճակալների թիվն անցնում է 1000-ը: Գները տատանվում են ամենամատչելիից մինչեւ թանկ համարվելու աստիճանի' սկսած 3 հազար դրամից, մինչեւ օրական 180 հազար դրամ:

Տարեկան Դիլիջան են հյուրընկալվում 15 հազարից 17 հազար տուրիստներ:

Մշակութային առումով քաղաքն իր հյուրերին գրավում է գործող 3 թանգարաններով, որոնցից մեկում վերջերս համայնքի ջանքերով պատկերասրահ է բացվել:

Քաղաքապետ Ա. Սանթրոսյանը բարձր գնահատեց Մհեր Մկրտչյանի վերջին հոբելյանի առթիվ բացված «Միմինո» կոչվող արձանախումբը: «Ամեն ոք, ով անցնում է դրա կողքով, կանգ է առնում եւ լուսանկարվում, մինչեւ հիմա մշտական հերթ է արձանախմբի առաջ»,-ուրախությամբ փաստեց նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում