Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանից աշխատանքի նպատակով մեկնում են հիմնականում Ռուսաստան

4 րոպեի ընթերցում

Հայաստանից աշխատանքի նպատակով մեկնում են հիմնականում Ռուսաստան

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանում այսօր Եվրոպայի խորհրդի տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսի ընթացիկ հարցերի հանձնաժողովի նիստի շրջանակներում անցկացվեց «Միգրացիան որպես մարտահրավեր տեղական ու տարածքային իշխանությունների համար» թեմայով համաժողովը, որին մասնակցում էին ՀՀ պատկան մարմինների ներկայացուցիչներ, միգրացիայի հարցերով միջազգային փորձագետներ:

«Խնդիրը վերաբերում է միգրացիայի այն մարտահրավերներին, որոնց առնչվում են տեղական եւ ռեգիոնալ իշխանությունները: Պետք է հստակեցնել, թե ինչ ձեւով պետք է պատասխանատվությունը բաշխվի, որպեսզի միգրանտների խնդիրները լուծվեն»,- լրագրողների հետ զրույցում նշեց Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի ընթացիկ հարցերի հանձնաժողովի նախագահ Էմին Երիցյանը: Առկա խնդիրներից նա առանձնացրեց հասակարությանն ինտեգրվելը, քաղաքական իրավունքներից օգտվելը, սոցիալական ծրագրերում ընդգրկվելը եւ այլն: Է. Երիցյանի խոսքով' համաժողովը շատ լավ հնարավորություն է տալիս փորձի փոխանակման առումով:

ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը նշեց, որ Հայաստանում միգրացիային վերաբերող խնդիրները բազմաթիվ են: Նա, սակայն, որպես առաջին եւ կարեւորագույն խնդիր առանձնացրեց 1990-ականներին Ադրբեջանից բռնագաղթած փախստականների հիմնախնդիրը:

«Ադրբեջանից բռնագաղթած փախստականների համար կարեւորագույն խնդիրը բնակարաններով ապահովելն է, որը մինչեւ հիմա լուծված չէ: Երկրորդը' մեր քաղաքացիների' աշխատանքային միգրանտների, խնդիրն է: Նրանք հիմնականում արտերկրում գտնվում են անօրինական կարգավիճակում, քանի որ կազամակերպված հավաքագրման աշխատանքներ չի իրականացվում»,- ասաց Ի. Դավթյանը:

Խոսելով աշխատանաքային միգրանտների մասին' Ի. Դավթյանն ասաց, որ նրանց 94 տոկոսը մեկնում է Ռուսաստան. հիմնական պատճառները լեզվական ընդհանրությունն է, աշխատանք գտնելու եւ աշխատելու ավելի հեշտ պայմանները, աշխատանքի առկայությունը: Բացի Ռուսաստանից, աշխատանք փնտրող հայ միգրանտներն ԱՊՀ երկրներից գնում են նաեւ Ուկրաինա, Բելառուս, եւ մի փոքր հատվածն էլ ԱՄՆ ու եվրոպական երկրներ:

Այն հարցին, թե արդյո՞ք աշխատանքային միգրանտներ Հայաստան գալիս են, Ի. Դավթյանը նշեց, որ դա ցավոտ խնդիր է, չկա հաշվառում այն մասին, թե քանի՞ անձ է գալիս Հայաստան եւ որպես ի՞նչ է աշխատում: Ընդհանուր ունեցած տեղեկություններով' Հայաստան հիմնականում գալիս են Վրաստանի մեր հայրենակիցներն ու Իրանի քաղաքացիները:

Հիշեցնենք, որ նախօրեին Երեւանում իր աշխատանքներն է սկսել Եվրախորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի ընթացիկ հարցերի հանձնաժողովի արտագնա նիստը: Այն անցկացվում է հայկական կողմի հրավերով:

Եվրախորհրդի տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսի ընթացիկ հարցերի հանձնաժողովը զբաղվում է սոցիալական համախմբվածության, կրթության, մշակույթի եւ կայուն զարգացման խնդիրներով, ինչպես նաեւ սահմանում է տեղական եւ տարածքային իշխանությունների դերը' հանրության առջեւ ծագող հիմնական մարտահրավերների դեպքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում