Կենսաթոշակային համակարգում կատարվող բարեփոխումների վերաբերյալ հասարակության շրջանում առկա է տեղեկացվածության պակաս
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում գործող կենսաթոշակային համակարգի, ինչպես նաեւ դրանում կատարվող բարեփոխումների վերաբերյալ հասարակության շրջանում տեղեկացվածության պակաս կա: Այդ մասին վկայում է վերջերս Հայաստանում անցկացված հետազոտությունը, որն իրականացվել է «ԱՄ Փարթնըրզ Քոնսալթինգ Քամփնի» խորհրդատվական ընկերության կողմից: Հետազոտությունն իրականացվել է 16 եւ բարձր տարիքի գյուղաբնակ, քաղաքաբնակ 992 քաղաքացիների շրջանում:
Խորհրդատվական ընկերության ծրագրի ղեկավար Վարդան Աղբալյանը նշեց, որ հետազոտությունը պատասխանում է այնպիսի առանցքային հարցերի, ինչպիսիք են' կենսաթոշակային ներկա համակարգի եւ առաջիկա բարեփոխումների վերաբերյալ հանրության տեղեկացվածությունն ու վերաբերմունքը, կենսաթոշակների վերաբերյալ մտահոգություն ու հարցվածների տեղեկատվության ստացման աղբյուրները:
Ըստ հետազոտության' հարցվածների միայն 46 տոկոսն է ծանոթ գործող կենսաթոշակային համակարգին: Վ. Աղբալյանի խոսքով' երբ հարցն առավել կոնկրետացվել է, ապա նրանցից ընդամենը 27 տոկոսը գիտեր, որ գործող համակարգը բաշխողական է: Հարցվածների ընդամենը 0.9 տոկոսն է իմացել գործատուի եւ աշխատողների կողմից կատարվող սոցվճարների ճիշտ չափը:
Հարցվածների ընկալմամբ' գործող կենսաթոշակային համակարգի համար առաջին խնդիրը կենսաթոշակների ցածր մակարդակն է: Այդպես կարծում է հարցվածների 81 տոկոսը: Նրանք կենսաթոշակային համակարգի երկրորդ կարեւոր խնդիրը կենսաթոշակի անցնելու համար բարձր տարիքն են դիտարկում: Այդպես մտածում է հարցվածների 27 տոկոսը: Մարդկանց 53 տոկոսը կենսաթոշակային տարիքում իր նյութական ապահովվածության պատասխանատուին համարում է պետությանը:
Ինչ վերաբերում է կենսաթոշակային համակարգում իրականացվող բարեփոխումներին, ապա Վ. Աղբալյանը նշեց, որ հարցվածների 36 տոկոսն է լսել դրանց մասին: Չնայած դրան, հարցվածների 40 տոկոսը կուտակային կենսաթոշակային համակարգի մասին լսել է: Վ. Աղբալյանը նկատեց, որ հասարակությունը լավ չի ըմբռնում, որ կուտակայինը բարեփոխումների մաս է կազմում:
«Դժվար է հանրապետությունում գտնել 100 մարդու, որոնք ամբողջապես տիրապետում են բարեփոխումների ամբողջ գործընթացին, տեղյակ են բոլոր բաղադրիչներից' չհաշված այդ գործով զբաղվող անհատներին»,-ասաց Վ. Աղբալյանը: Ըստ նրա' այն, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը ձեւավորվելու է անձանց եւ պետության վճարումների հաշվին' գիտեն հարցվածների 4 տոկոսը:
Ընդհանուր առմամբ հարցվածների 16 տոկոսը կողմ է արտահայտվել կենսաթոշակային համակարգում բարեփոխումների վերաբերյալ, 15 տոկոսը' դեմ, իսկ 60 տոկոսն անտեղյակ է եղել:
Որպես տեղեկատվության նախընտրելի աղբյուր' հեռուսատատեսությունը ստացել էր ձայների մեծամասնությունը' 90 տոկոսից ավելի, որին հաջորդում են թերթերն ու ամսագրերը: Մարդիկ նախընտրել են բանավեճերն ու թոք-շոուները, հարցազրույցները, կրթական ծրագրերը:
Վ. Աղբալյանը ներկայացրեց մի քանի ուշագրավ փաստեր եւս: Հետազոտությունը ցույց է տվել, որ կենսաթոշակային բարեփոխումների մասին առավել տեղյակ են եւ դրան կողմ են տղամարդիկ: Դիտարկելով ըստ տարիքի' Վ. Աղբալյանը նշեց, որ բարեփոխումների մասին առավել տեղյակ է նախակենսաթոշակային տարիքային խումբը' 41-62 տարեկան: Բարեփոխումներին առավել կողմ են արտահայտվել երիտասարդները: Ի դեպ, բարեփոխումներին կողմ է ավելի շատ գյուղերի բնակչությունը, քան քաղաքի:
Վ. Աղբալյանը նշեց, որ հետազոտությունը քաղաքականություն մշակողներին թույլ կտա առավել արդյունավետ եւ հասցեական կազմակերպել հանրային իրազեկման քարոզարշավը' միաժամանակ բարձրացնելով հասարակության ֆինանսական տեսանկյունից գրագիտության մակարդակը: